Ֆրանկֆուրտում Գերմանիայի Deutsche Bank խոշորագույն ներդրումային բանկի գրասենյակներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանկի ներկայացուցչին:
«Հետաքննողները տեղեկություն են փնտրել հաճախորդների հետ գործարքների մասին, գրասենյակի աշխատակիցներից ոչ մեկի դեմ մեղադրանք չի առաջադրվել»,- նշել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 7-ին բանկի կառավարման համանախագահներ Յուրգեն Ֆիչենն ու Անշու Ջեյնը լքել են պաշտոնը փողերի (ավելի քան 4 տարում՝ մոտ 6 մլրդ դոլար) հնարավոր լվացման կասկածանքի պատճառով:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ներկայումս ստուգվում են 2011 թվականից 2015թ. սկզբի տվյալները, ինչի մասին տեղեկացվել են Ֆինանսական ոլորտում գործնական էթիկայի հարցերով բրիտանական վարչությունը (FCA), Եվրոպական կենտրոնական բանկը և Գերմանիայի BaFin ֆինանսական կարգավորողը:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ խոսքը Deutsche Bank-ի միջոցով ռուս հաճախորդների կողմից ռուբլիով բաժնետոմսերի գնման և Լոնդոնում սինխրոն գործարքների մասին է, որոնց ընթացքում բանկը գնել է նույն ծավալով նույն բաժնետոմսերը այլ կողմերից՝ ԱՄՆ դոլարով: Այդ գործողությունները կարող են կապ ունենալ և կարող էին հաճախորդների կողմից օգտագործվել միջոցների անօրինական փոխադրման համար՝ կարծում են գործակալության զրուցակիցները:












































