Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Իրավաբանների միջազգային ասոցիացիայի մասնագետները, որի շտաբ-բնակարանը գտնվում է Լոնդոնում, մշակել են eyeWitness to Atrocities (վայրագությունների ականատես) հավելվածը:
Այն օգնելու է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցանքների, ցեղասպանության ու կտտանքների համար մեղավորներին: Ծրագիրը ստեղծվել է քաղաքացիական անձանց կողմից հակամարտության գոտիներում կատարված լուսանկարների իսկությունը ճշգրտելու համար:
Օգտատերերի բեռնած մեդիաֆայլերից կարող են օգտվել միայն իրավապահ մարմինների աշխատակիցներն ու իրավաբանները: Անվճար հավելվածը մշակվել է Android պլատֆորմի համար:
Հավելվածն ունի նաև «տագնապի կոճակ», որն ակնթարթորեն հեռախոսից հեռացնում է բուն ծրագիրն ու տվյալները:










































