Իրանը ածխաջրածինների շուկայում մտադիր չէ իր քվոտան զիջել այլ նավթարդյունահանող երկրների: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն IRNA գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտնում է TASS-ը:
«Վիեննայում ՕՊԵԿ-ի 167-րդ նիստից առաջ մենք նամակներ ենք հղել կազմակերպության անդամ երկրների նավթի բոլոր նախարարներին, որտեղ հայտնել ենք նավթային շուկա վերադառնալու մեր պատրաստակամությանւ մասին պատժամիջոցները հանելուց անմիջապես հետո»,- ասել է Զանգանեն:
Մեկնաբանելով Վիեննայում ՕՊԵԿ-ի երկօրյա նախարարական հանդիպումների ընթացքում իր հանդիպումները համաշխարհային խոշոր նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ Զանգանեն ասել է, որ «նրանց մեծամասնությունը հետաքրքրված է նավթային և գազային նախագծերում Իրանի հետ համագործակցությամբ», և ավելացրել, որ նրանք անհամբերությամբ սպասում են պատժամիջոցների վերացմանը:











































