Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի փոխարտգործնախարար և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Աբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման գործընթացում առկա է առաջընթաց:
«Գործողությունների համատեղ համալիր պլանի նախագծի ձևավորման գործընթացն ընթանում է հաջողությամբ, սակայն` դանդաղ»,- հայտարարել է Արաղչին Թեհրանում` Վիեննայում տեղի ունեցած բանակցային հերթական փուլի ավարտից հետո:
Ակնկալվում է, որ հերթական լայն ձևաչափով բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթվա սկզբին: Կողմերը ձգտում են համապարփակ համաձայնագրի տեքստը համաձայնեցնել մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:









































