Որպես կին Քեյթլին Ջենների առաջին ֆոտոշարքը, որը հրապարակվել է Vanity Fair-ում, վտանգում է երիտասարդ ժամանակ նրա նվաճած օլիմպիական մեդալը: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
65-ամյա բազմազավակ հոր վարքից հատկապես դժգոհները պաշտոնական խնդրագիր են ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ պահանջելով օլիմպիական չեմպիոնին զրկել նրա ոսկե մեդալից: Խնդրագրի հիմնական փաստարկը, որը ներկայումս ստորագրել է 2500 մարդ, Ջենների հայտարարությունն է, որ ամբողջ կյանքում նա իրեն կին է զգացել:
«Վերջերս հայտնի դարձավ, որ ոսկե մեդալակիր Բրյուս Ջեններն իրականում տրանսսեքսուալ է և իրեն կին է համարում: Մենք միսս Ջեններին շնորհավորում ենք այդ նոր կատարելագործման առիթով և նրան մաղթում ենք ամենալավը: Սակայն դա որոշ խնդիրներ է ստեղծում, քանի որ միսս Ջենները (էլի նույնքան տաղանդավոր) պնդում է, որ իրեն միշտ կին է համարել: Իսկ դա խախտում է կոմիտեի կանոնները, որոնք կանանց արգելում են մասնակցել տղամարդկանց մրցումներին, և հակառակը: Այդ լույսի ներքո մենք ծանր սրտով պետք է բարձրացնենք հարցը՝ արդյոք միսս Ջեններն իրավունք ունի՞ պահպանելու իր օլիմպիական ռեկորդները: Այսուհետ մենք պետք է պնդենք, որ Բրյուս Ջենները և Քեյթլին Ջենները 2 տարբեր մարդիկ են (ինչը, ինչպես մենք գիտենք, ճիշտ չէ), կամ որ Բրյուս Ջեններն իրականում կին է, որը մասնակցել է տղամարդկանց մրցումներին»,- ասվում է խնդրագրում:
Կոմիտեի ներկայացուցիչները նշում են, որ դա մեկ օրվա որոշում չէ, և ճիշտ որոշում ընդունելու համար պետք է խորհրդակցել: Մինչ հարցը լուծվում է, Ջենների երկրպագուները բողոքում են: Ըստ նրանց՝ այդ պահանջը լիովին անարդար է, և չեմպիոնից մեդալը վերցնելու իրավունք ոչ ոք չունի:
Կոմիտեի որոշումը հայտնի կդառնա ավելի ուշ: Իսկ մինչ այդ Քեյթլին Ջենները շարունակում է շփվել լրագրողների հետ, պատմում է իր անձնական կյանքի մասին: Նա նշել է, որ սեռափոխությունը ոչ մի կերպ չի ազդում երեխաների հետ իր շփման վրա, և ինքը նրանց թույլ է տալիս իրեն «հայրիկ» կոչել:











































