«Ջրի հետ կապված մեր աշխատանքներում մենք արդեն լուրջ դրական արդյունքներ ունենք: Սա հեշտ աշխատանք չէ»,-այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և Բնապահպանի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ անդրադառնալով Արարատյան դաշտավայրում ջրի պակասին, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, ասաց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրում ջրի խնդիր միշտ կլինի, եթե այն օգտագործվի ոչ նորմայի սահմաններում:
«Մենք փորձել ենք Արարատյան դաշտավայրում ամեն ինչ բերել օրենքին համապատասխան, բոլորին նայել նույն աչքով, և բոլորը օրենքի առաջ պատասխանատվություն կրեն իրենց գործունեությունը իրականացնելիս»,- հավելեց նախարարը:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյանը, նրա ազգականները, Սերժ Սարգսյանի եղբայրը և՞ս հավասար են օրենքի առաջ, նախարարը նկատեց. «Մենք 3 հորերում, ձկնաբուծական տնտեսություններում իրականացրել ենք ավտոմատ համակարգերի ներդրում, և փաստացի մենք օնլայն ռեժիմով տեսնում ենք, թե այդ երեք տարածքները ինչքան ջուր են օգտագործում: Մենք տեսնում ենք, թե ամեն վայրկյան ինչքան ջուր է օգտագործվում: Քաղաքացու մուտքն այդտեղ անհնար է: Ամեն ինչ ավտոմատացված է»: Ապա հավելեց, որ խախտում անողների նկատմամբ կիրառվում է վարչական պատասխանատվություն:
«Վարչապետի հարազատների հետ կապված, ովքեր զբաղվել են ձկնաբուծությամբ, տարածքները ստուգվել են, և ամբողջը օրինական դաշտում է: Իսկ որտեղ չարաշահումներ եղել են, տուգանքներ են եղել»,- ասաց նախարարը:








































