Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Արտաքին գործերի նախարարությունը շտապել էր իր հայտարարության մեջ, թե Բրազիլիայի սենատը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ մամլո ծառայությունը մայիսի 27-ին հայտարարություն էր տարածել, թե Բրազիլիայի Դաշնային սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց Ցեղասպանությունը: Մայիսի 29-ին էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ողջունել էր Բրազիլիայի այդ քայլը:
Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ Բրազիլիայի սենատը քննարկել, բայց դեռ չի ընդունել այդ բանաձևը, և այն ընդունվել է մի քանի օր ուշ, քան ՀՀ արտգործնախարարությունն այդ մասին հայտարարություն էր արել:
Շ. Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց ուղիղ պատասխան տալուց, ասաց, թե սենատն ընդունել էր, բայց դեռ գործընթացներ կային անելու: