Ադրբեջանական Salam News կայքի փոխանցմամբ, Բաքվի գործադիր իշխանությունն այսօր պատասխանել է «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժման առաջարկին, որը վերաբերում է ապրիլի 17-ին «Նարիմանով» կինոթատրոնի առջև ընկած հրապարակում միտինգ անցկացնելուն: Սակայն Բաքվի իշխանությունները դա մերժել են` փոխարենն առաջարկելով Բիբիեյբատեի ավտոդպրոցի հրապարակը:
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ, միտինգի կազմակերպչական կոմիտեի անդամ Թոֆիգ Յաղուբլուն հայտարարել է, որ միտինգի վայրը փոխելու մասին Բաքվի իշխանություններից ստացված պատասխանը հավասարազոր է միտինգի անցկացման մերժմանը.
«Չէ՞ որ օրենքով սահմանված կարգով միտինգի անցկացման տեղն ու ժամկետը որոշում է կազմակերպիչը: Եթե գործադիր իշխանությունն առաջարկում է անօգուտ և կազմակերպչի կողմից չնշված մի վայր, իրականում դա նշանակում է մերժողական պատասխան»:
Նշվում է, որ ոչ վաղ անցյալում «Հասարակական պալատ» կազմակերպությունը հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունների կողմից մերժողական պատասխան ստանալու դեպքում միտինգ կանցկացնի «Սահիլ» մետրոպոլիտենի կայարանի առջև ընկած նույնանուն զբոսայգում:
Հիշեցնենք, որ «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը ձևավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին` ի պատասխան նոյեմբերի 7-ին Ադրբեջանում հերթական անգամ կեղծված ընտրությունների: Շարժմանն անդամակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ: