BBC-ի լրագրողուհին ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հոսպիտալացման մասին սուտ տեղեկություն տարածելու համար: Այս մասին հայտնում է Telegraph թերթը:
Պարբերականը հայտնում է, որ BBC-ի լրագրող Ահմեն Խավաջան սխալմամբ Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տեղադրել Եղիսաբեթ II-ի հոսպիտալացման մասին: Հաղորդագրության մեջ ասվել է, որ «Եղիսաբեթ թագուհին բուժվում է Լոնդոնում Էդուարդ VII-ի անվան հիվանդանոցում: Հայտարարություն կարվի մոտ ժամանակներս»:
Ավելի ուշ լրագրողը ներողություն է խնդրել և ջնջել է թվիթը:
«Կեղծ ահազանգ: Ջնջեցի նախորդ թվիթները: Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին տխրեցրել եմ»,- գրել է լրագրողը Twitter-ում:
Պարբերականի տվյալներով՝ Եղիսաբեթ II-ի հիվանդության մասին տեղեկությունը պատահաբար է հրապարակվել թագուհու մահվան դեպքում լրագրողների գործողությունների փորձի ժամանակ, որը BBC-ի աշխատակիցներն անում են պարբերաբար:
Պարբերականը հայտնում է, որ թագուհին իսկապես չորեքշաբթի օրը եղել է հիվանդանոցում, բայց դա եղել է ամենամյա բուժզննում:
«Ես կարող եմ հաստատել, որ թագուհին այսօր առավոտյան ամենամյա ստուգման է գնացել Լոնդոնի Էդուարդ VII-ի անվան հիվանդանոց: Դա սովորական այց էր բժշկին՝ ըստ նախատեսվածի, թագուհին արդեն լքել է հիվանդանոցը»,- պարբերականը մեջբերում է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչի խոսքերը:
Այլ ԶԼՄ-ներ ևս ներողություն են խնդրել իրենց բաժանորդներից ու իրենց էջերից ջնջել են թագուհու հոսպիտալացման մասին լուրը:











































