Սեպտեմբերի 7-25-ը տեղի կունենան ԱՊՀ երկրների զինված ուժերի «Մարտական համագործակցություն-2015» համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար Ալեքսանդր Գոլովկոն:
Հաշվի առնելով Աֆղանստանում անկայուն իրավիճակը՝ Ռուսաստանը, ինչպես հաղորդվում էր, ակտիվորեն մասնակցել է իր հարավային սահմանների ամրապնդմանն ու միջին Ասիայի պետությունների ազգային բանակների արդիականացմանը: Այդ համատեքստում զորավարժությունների թեման ընտրվել է համապատասխան՝ պայքար ահաբեկչության դեմ:
«Առաջարկվում է համատեղ զորավարժություններ անցկացնել 2015 թ. սեպտեմբերի 7-25-ը: Դրանց թեման է՝ «ԱՊՀ անդամ պետությունների ավիացիայի հակաօդային պաշտպանության խմբավորումների և զորքերի պատրաստումն ու համատեղ կիրառությունը հավաքական անվտանգության շրջաններում հակաահաբեկչական գործողությունների և զինված հակամարտությունների դեպքում»,- ասել է Գոլովկոն ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
Նա նշել է, որ համատեղ մանևրերի ուսումնա-հետազոտական նպատակներից մեկն է գործնականում պատրաստել հրամանատրներին և շտաբներին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի խմբավորումների կազմում ռազմական գործողություններին պատրաստվելիս ենթակա միավորումների և զորամասերի ղեկավարման հարցում:
Եվս մեկ առաջադրանք է՝ ուսումնասիրել զորքերի համատեղ կիրառության խնդրահարույց հարցերը: Զորավարժությունն ուղղված է նաև զորքերի մարտական փոխկապվածությունը բարձրացնելուն և փոխգործակցության հարցերը գործնականում մշակելուն:
Համատեղ զորավարժություններին մասնակցելու համաձայնություն են տվել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունները:











































