Նյու Յորքի Christie`s աճուրդում վաճառքի կդրվի ամերիկացի գրող, «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակ Հարփեր Լիի վեց նամակներից բաղկացած արխիվային հավաքածուն: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հարփեր Լիի ձեռագրերը վերջին 40 տարում երբևէ չեն դրվել վաճառքի: Աճուրդը տեղի կունենա հունիսի 12-ին: Արխիվի արժեքը կարող է հասնել մինչև 250.000 դոլարի:
Նամակները թվագրված են 1956-1961 թվականներին: Հարփեր Լին դրանք հասցեագրել է իր ընկերոջը՝ ճարտարապետ Հարոլդ Քոֆիլդին: Դրանցում նա կիսվում է իր զգացմունքներով՝ կապված գրքի քննադատական արձագանքների հետ:
«Սպանել ծաղրասարյակին» վեպը Հարփեր Լիի միակ ստեղծագործությունն է: Գիրքը լույս է տեսել 1960 թվականի հունիսի 11-ին և անմիջապես դարձել բեսթսելեր, իսկ 1961-ին արժանացել Պուլիտցերյան մրցանակի:








































