Մաշկի մակերեսը, ճարպի պահուստները և մկանային զանգվածը մարդու օրգանիզմում բոլորովին տարբեր են պրիմատների շրջանում ամենամոտ ցեղակիցներից, և այդ տարբերությունները թույլ են տալիս պարզել Homo sapiens-ի էվոլյուցիայի կարևորագույն հատվածները: Հետազոտության արդյունքները ներկայացված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ամերիկացի մարդաբաններ Էդրիեն Ցիլմենը և Դեբրա Բոլթերն ուսումնասիրել են բնական պատճառներով սատկած 13 բոնոբոյի մարմինները և նրանց փափուկ հյուսվածքները համեմատել են մարդկայինի հետ:
Պարզվել է՝ մարդուն կապիկից տարբերում է ճարպի մեծ քանակությունը, քիչ մկանային զանգվածը և մաշկի ոչ մեծ մակերեսը: Բացի դրանից՝ փոխվել է մկանային զանգվածի բաշխումը. այն շարժվել է դեպի ստորին վերջույթների մաս:
Գիտնականների խոսքով՝ մարդու նախնիները արևադարձային անտառների տարածքից տեղափոխվել են սավաննաների բաց տարածքներ: Խառը բուսականությունը, տեղումների նվազումն ու սննդի սեզոնային դեֆիցիտն օրգանիզմին ստիպել են վերափոխվել: Ճարպ պահեստավորելու ունակությունն օգնել է պահուստներ ստեղծել սովի դեպքում: Բացի դրանից՝ ճարպն էգերին հնարավորություն է տվել ավելի արդյունավետ կրել պտուղն ու կերակրել երեխաներին:
Մկանային զանգվածի նվազումն ուղեկցվել է ուղիղ քայլելուն անցնելու հետ (հետևի վերջույթներով). մարդու նախնիները սկսել են ամեն օր մեծ տարածություններ անցնել սնունդ գտնելու համար: Ի վերջո, «կծկված» մաշկը նպաստել է ջերմափոխանակությանը, արևից բջիջների պաշտպանությանը և իմունիտետի բարձրացմանը:









































