Սուրբ գահից հրաժարվելուց հետո Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կստանա «պատվավոր Պապի» կամ «Հռոմեացի պատվավոր պոնտիֆիկի» տիտղոս: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` հեռացող պոնտիֆիկը կպահպանի իր պապական անունը` Բենեդիկտոս 16-րդ, իսկ նրան հնարավոր կլինի դիմել նախկինի պես` «Ձերդ Սրբազանություն»: Լամբարդին հաղորդել է, որ պատվավոր Պապը կրելու է «սպիտակ պարզ թիկնոց» և շագանակագույն, այլ ոչ թե կարմիր կոշիկներ:
Ինչ վերաբերում է Բենեդիկտոս 16-րդի ոսկե մատանուն և կնիքին, ապա դրանք հաստատված ընթացակարգի համաձայն՝ «չեղյալ կհամարվեն»: