Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ՆԱՏՕ-ն շարունակի Լիբիայի ռմբակոծությունը, չնայած այն փաստին, որ BRICS անդամ երկրները կոչ են անում այն լուծել քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ուժային:
France Presse գործակալության տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Վալերոն:
Տեղեկացնենք, որ այսօր BRICS անդամ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարները կոչ են անում Լիբիայի հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով` միաժամանակ շեշտելով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը չպետք է լուծվեն որոշ երկրների կամայական մեկնաբանությամբ:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը վերահաստատել է, որ դաշնակից երկրները գործում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի տառին համաձայն` ապահովելու խաղաղ բնակչության անվտանգությունը: «Ելնելով սրանից և հաշվի առնելով հումանիտար ծանր իրավիճակը, կետային հարվածները ռազմական օբյեկտներին, որոնք սարսափ են տարածում բնակչության շրջանում, պետք է շարունակվեն, ինչպես դա վերահաստատվել էր ապրիլի 13-ին Դոհայում կայացած համակարգող խմբի նիստի ժամանակ: Միաժամանակ, այսօր Բեռլինում ընթացող ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվում են գործողություններ, որոնք ավելի հուսալի են, ավելի էֆեկտիվ և արագ»,- նշել է Վալերոն:
Հիլարի Քլինթոնը Բեռլինում ընթացող ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդի նիստի ժամանակ կոչ է արել շարունակել գործողությունները Լիբիայում: «Քանի դեռ առաքելությունը շարունակվում է, մեր վճռականությունը և միասնությունը ավելի կարևոր են դառնում»,- հայտարարել է Քլինթոնը` ավելացնելով. «Քադաֆին փորձում է մեր վճռականությունը»:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:







































