Եմենի ընդդիմությունն այսօր գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհից պահանջել է հրաժարական տալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում և հրաժարվել է որևէ բանակցություն վարել նրա հետ:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով ընդդիմադիր կոալիցիայի գլխավոր քարտուղար Մալիք Ալ-Մութավաքիլին:
«Մենք նորից վերահաստատում ենք, որ անհրաժեշտ ենք համարում արագացնել իշխանափոխության գործընթացը, և հայտարարում ենք, որ Սալեհը պետք է հրաժարական տա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այդ պատճառով մենք մեկնում ենք Էր-Ռիյադ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր Սալեհի հրաժարականը` ապահովելով նախագահի և նրա ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը և անձնական անվտանգությունը:
Ընդդիմությունը հենց սկզբից մերժել էր կարգավորման այս առաջարկը: Սակայն այսօր համաձայնել է մասնակցել քննարկումների:






































