Մուամար Քադաֆին վստահորեն ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող երկրի արևմտյան շրջանները: Սրանում համոզվել է Bild թերթի լրագրող Յուլիան Ռայհելտը: Տրիպոլիից իր ռեպորտաժի ժամանակ նա հայտնել է, թե ինչպես է բազմությունը դիմավորել իր առաջնորդին:
Թղթակցի կարծիքով` «երկիրը գտնվում է մասնատման շեմին», քանի որ ապստամբները նույն հաջողությամբ կառավարում են երկրի արևելյան շրջանները: Երկու կողմերին էլ չի հաջողվում առաջընթաց գրանցել, սակայն երկուսն էլ չեն պատրաստվում նահանջել:
Ապստամբները խաղաղությունը հնարավոր են համարում միայն Քադաֆիի հրաժարականի դեպքում: Քադաֆին պետք է թողնի երկիրը,- կարծում են նրանք:
Քադաֆիի որդին` Սայֆ ալ-Իսլամը, այս գաղափարը համարում է «ծիծաղելի»: Նրա հայրը, ինչպես նա ասել է հարցազրույցներից մեկի ժամանակ, արդեն տարիքն առած է և ցանկանում է, որպեսզի երկիրը ղեկավարեն երիտասարդները:
Ամենադաժան մարտերն ընթանում են ապստամբների ենթակայության տակ գտնվող Միսրատայի համար: Ինչպես փոխանցում է Al-Arabia հեռուստաալիքը, փետրվարից սկսված ապստամբության հետևանքով հարյուրավոր մարդիկ վտարվել են իրենց բնակավայրերից: Նրանցից ոմանց տարել են Տրիպոլի, որպեսզի նրանք մասնակցեն հօգուտ Քադաֆիի ցույցին: Արդեն մի քանի շաբաթ է, որ Միսրատայում ո՛չ էլեկտրականության կա, ո՛չ էլ խմելու ջուր:
Երկուշաբթի օրը ապստամբները մերժել են Աֆրիկյան միության խաղաղ պլանը, քանի որ այն իր մեջ չէր ներառում Քադաֆիի և նրա ընտանիքի հեռացումը:
Լոնդոն փախած արտաքին գործերի նախկին նախարար Մուսա Քուսան իր հերթին նշել է, որ Լիբիայում հնարավոր է՝ երկարատև քաղաքացիական պատերազմ սկսվի: BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ Լիբիան կարող է դառնալ «նոր Սոմալի»: Լիբիական խնդրի լուծումը պետք է, նրա կարծիքով, բխի հենց լիբիացիների շահերից, և դա հնարավոր է միայն բանակցությունների ու դեմոկրատական երկխոսության արդյունքում:










































