Աբովյանում հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ են, և Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրում է հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչև ընտրությունների ավարտը:
Թեկնածուն չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված և Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը: Կարո Իսրայելյանը նշում է այն բոլոր մեխանիզմները, որոնցով կարող են կրկին «ստրկացնել» աբովյանցիներին, ուստի թեկնածուն կոչ է անում նրանց՝ քվեարկել հանուն իրենց արժանապատվության՝ չվախենալով սափրագլուխներից, «անուշիկներից, յաշաներից ու բոռշ սարքող գեղամիկներից»:
Հիշեցնենք. մրցապայքարի մեջ է 6 թեկնածու՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, «Պալաչ» մականվամբ հայտնի Արթուր Հարությունյանը, Էդվին Թադևոսյանը, ևս մեկ թեկնածու՝ կրկին Արթուր Հարությունյան անուն-ազգանունով, ինչպես նաև Վահագն Գևորգյանը:








































