Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել ՌՈՏՈԲՈ կազմակերպության Ռուսաստանի և նորանկախ պետությունների տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Հիրոշի Տակահաշիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի առևտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես երկկողմ առևտրատնտեսական կոմիտեների ստեղծմանը, հայ և ճապոնացի գործարարների միջև կապերի ակտիվացմանը, ինչպես նաև համատեղ գործարար ֆորումների անցկացմանն առնչվող հարցեր:
Խորհրդարանական պատվիրակության հաջորդ հանդիպումը Ճապոնիայի Արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ կարևորելով այս տարվա հունվարից Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը, ինչը նպաստում է համատեղ ջանքերով հաստատված բարեկամական կապերի առավել խորացմանը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Տակաո Մակինոյին պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով` հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի զարգացմանն աջակցելու համար:
Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) փոխտնօրեն Կաե Յանագիսավայի հետ: Կողմերը քննարկել են Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ` կարևորելով ներկայում բնական աղետների կանխարգելման, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:










































