«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը մշակվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքում նախատեսված պատժամիջոցները խստացնելու համար: Սույն օրինագծով հանվում է 141-րդ հոդվածը, համաձայն որի՝ մինչև 16 տարեկան անձի հանդեպ կատարված ոտնձգությունը պատժվում էր՝ սկսած դրամական տուգանքից մինչև 2 տարի ազատազրկում: Նոր օրինագծով սեռական հանցագործությունները պատժելի են միայն ազատազրկմամբ:
Օրինագծով ծանր և խիստ ծանր հանցագործություններ են համարվում ոչ միայն հանցագործության իրագործումը, այլև դրա պարտակումը, ինչը, հետևաբար, դարձել է քրեորեն պատժելի: Ավելացվել են նաև ծանրացուցիչ հանգամանքներ. բռնաբարություն, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, և բռնաբարություն, որը կատարվել է ուղղիչ հիմնարկում, քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով: Լրացուցիչ պատիժ է սահմանված նաև ծնողների կամ ծնողական պարտավորություններ կատարող մարդկանց, մասնավորապես՝ ուսուցիչների, տնօրենների համար. նրանց սպասվում է լրացուցիչ պատիժ` պաշտոնից զրկում: