Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը բավականին նեղացած է Գագիկ Ծառուկյանից: Նա օրերս մկրատով երկու մասի է բաժանել 15 տարի շարունակ իրենց տան պատից կախված` իր ու Ծառուկյանի համատեղ լուսանկարը, Ծառուկյանի պատկերով հատվածը դրել է ծրարի մեջ ու մի շատ հուզիչ նամակի հետ պատրաստվում է ուղարկել նրան: Իսկ նամակում քաղաքապետի թեկնածուն ցավ է հայտնել, որ որոշ մարդիկ փչացրեցին իրենց` 15 տարվա բարեկամությունն ու ընկերությունը:
«Նամակում ցավ եմ հայտնել, որ մեր 15 տարվա ընկերությունն այսպես ավարտվեց, որ որոշ մարդիկ դրա շնորհիվ որոշակի հաջողությունների հասան՝ ոտնատակ տալով ու ավերելով իմ կողմից սահուն ռելսերի վրա դրված քաղաքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իսրայելյանը:
Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջադրված թեկնածուն, որին սատարում է նաև ՀՀԿ-ն, և նրա թիմը անհավասար մրցակցային մթնոլորտ են ստեղծել Աբովյան քաղաքում ընտրություններից առաջ: Քարոզարշավը չմեկնարկած` նրանք քարոզարշավ են իրականացնում ամբողջ քաղաքում, շտաբ են բացել, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Իսկ թեկնածուի թիմը, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի գլխավորությամբ, վախի մթնոլորտ է ստեղծում ամբողջ քաղաքում:
Կարո Իսրայելյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ առաջադրվելուց հետո Գագիկ Ծառուկյանն իրեն կանչել է հանդիպման, բայց ինքը չի գնացել: «Ես հարգում եմ Ծառուկյանին, շարունակելու եմ հարգել, քանի որ նրա հետ, նրա օջախում հաց եմ կիսել, բայց այլևս ոչ մի կապ չեմ ուզում ունենալ նրա հետ: Բոլոր կամուրջներն այրել եմ ու կապերը խզել: Դրա համար էլ անգամ լուսանկարն եմ երեխաների պես, ջահել սիրահարների պես մկրատով սիրուն երկու մասի բաժանել, որը նույնպես խորհրդանշում է մեր կապի խզումը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ որոշել է տնից դուրս չգալ, քանի դեռ քարոզարշավը չի սկսել: Քարոզարշավը կսկսի, նոր դուրս կգա ու կշփվի աբովյանցիների հետ, ովքեր իրեն, նրա ձևակերպմամբ, շատ են սիրում: «Առանձնապես անելիք չունեմ: Մի բուկլետ կտպագրեմ իմ սիրելի պոետի ՝ Պարույր Սևակի խոսքերով, ու վերջ: Ես աբովյանցիներին ապացուցել եմ, թե ես ով եմ: Ուրիշ ասելիք չունեմ»,-եզրափակեց Կարո Իսրայելյանը:









































