Աֆղանստանում դատարանը 11 ոստիկանի դատապարտել է 1 տարվա ազատազրկման ծառայողական պարտականությունների չկատարման համար այն բանից հետո, երբ այս տարվա մարտին կատաղած մարդիկ մինչև մահ ծեծել են Ղուրանի էջեր վառելու համար մեղադրվող Քաբուլի բնակչուհուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ ևս 8 ոստիկան ազատ է արձակվել ապացույցների անբավարարության պատճառով:
27-ամյա Ֆարհունդայի սպանությունը տեղի է ունեցել մարտի 21-ին: Կնոջ մարմինը լինչի դատաստանից հետո հրկիզվել է: Հետաքննությանը մասնակցող գեներալ Մոհամմադ Զահիրը հայտնել է, որ Ղուրան այրելու մեղադրանքը սուտ է եղել, քանի որ ոստիկանությունը չի կարողացել կնոջ մեղքի ոչ մի ապացույց գտնել:
Մի քանի օր հետո Քաբուլում բողոքի ակցիաներ են սկսվել՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իշխանություններից կնոջ սպանությանը մասնակից անձանց համար արդար պատիժ պահանջելով: Մի շարք ոստիկաններ աշխատանքից հեռացվել են, որ չեն դիմադրել լինչի դատաստան իրականցնողներին: Այդ գործով եղել է 49 մեղադրյալ:
Այս ամիս ավելի վաղ լինչի դատաստան իրականացնողներից 4 ամբաստանյալ դատապարտվել է մահապատժի, 8 մարդ՝ 16 տարվա ազատազրկման: Եվս 18 կասկածյալ ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով:











































