Ազգային ժողովում ընդմիջմանն այսօր թեժ բանավեճ տեղի ունեցավ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեդրակ Սարոյանի և «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև: Բանավեճի թեման Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր ու նրա որդու մասնակցությամբ վերջին ծեծկռտուքը:
Գեներալը վրդովվել էր Փոստանջյանի խոսքերից: «Աղջի՛կ ջան, ի՞նչ ես ուզում, քաղաքական գործիչ ես՝ ճիշտ ես անում, Սուրիկին կարաս քննադատես, բայց ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Մարդուն վարկաբեկելու համար խելքդ քոնը չի»,- ասաց գեներալը: Ապա հավելեց. «Դու նրա կնոջը չես ճանաչում, սուտ ես խոսում, ամոթ ա: Բազմազավակ մայր ես, ուրիշի ջահել երեխուն մի՛ վարկաբեկի»,- հորդորեց գեներալը՝ վրդովվելով Փոստանջյանի այն խոսքերից, որ Սյունիքի մարզպետի որդին մեղավոր է նաև Բուդաղյանների հետ կապված արյունալի միջադեպի համար:
«Դիտավորյալ Սուրեն Խաչատրյանը սպանել է Բուդաղյանին»,- ասաց Փոստանջյանը: Ի հակադարձում՝ գեներալ պատգամավորն էլ նշեց. «Ինչի՞, Սուրիկը գնա՞ց Բուդաղյանի տան վրեն»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:








































