Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի եվրոպական ուղու հետևորդ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Նա այդ համախմբման անհրաժեշտության ահազանգ է համարել Վրաստանում օրեր առաջ հրապարակված մի սոցհարցման տվյալ, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիների 31 տոկոսը կողմ է երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին: Իհարկե, սոցհարցման տվյալներով՝ ավելի քան 60 տոկոսն արտահայտվել է եվրոպական ուղու օգտին, սակայն նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ 31 տոկոս ԵՏՄ կողմնակցությունը պետք է տագնապ, ահազանգ լինի եվրոպական ուղուն հարող քաղաքական ուժերի համար:
Վրաստանում այսօր բարդ քաղաքական իրավիճակ է, տրոհվում է մեկ տարի առաջ իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքը, որ կազմել էր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Իվանիշվիլին հեռացել է պաշտոնական լծակներից, սակայն նա կառավարության ստվերային ղեկավարն է, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիտվում է որպես նրա ենթակա: Նախագահ Մարգվելաշվիլիի և վարչապետի, ասել է թե՝ Իվանիշվիլիի միջև առկա է հակադրություն: Կառավարությունը ենթարկվում է պերմանենտ փոփոխությունների:
Ահա այս պայմաններում, բավական դժվար է կողմնորոշվել՝ արդյո՞ք իրապես Վրաստանում առկա է վտանգ, որ դե ֆակտո Ռուսաստանի մարդ համարվող (նրա կարողության մեծ մասը Ռուսաստանում էր) և Սաակաշվիլիին իշխանությունից հեռացրած օլիգարխ Իվանիշվիլին երկիրը եվրոպական ուղուց կամաց-կամաց կթեքի դեպի ԵՏՄ, թե՞ այդ վտանգը պարզապես ուռճացնում են նրանք, ովքեր խնդիրներ ունեն Իվանիշվիլիի հետ, և դա սպառնում է իշխող կոալիցիայում նրանց դիրքերին, նրանց քաղաքական հեռանկարներին:
Այսպես, մի քանի ամիս առաջ հեռացավ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ու հայտարարեց, որ Վրաստանի կառավարությունից իրեն հեռացրին, որովհետև ինքը ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ամենավառ կողմնակիցն էր, իսկ երկիրը գնում է դեպի Ռուսաստան: Ներկայումս նույն խաղաքարտը կարծեք թե փորձում է Իվանիշվիլիի և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հակասություն ունեցող նախագահ Մարգվելաշվիլին խաղարկել:
Այս տեսանկյունից իսկապես դժվար է կողմնորոշվել, թե ինչքանով է վտանգը իրական, և ինչքանով է այն ընդամենը խաղարկվում ներքաղաքական մոտիվներով: Մի բան կարող է քիչ թե շատ իրատեսական ցուցիչ լինել՝ Արևմուտքից տագնապի ազդակների բացակայությունը, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ Արևմուտքում Վրաստանի ռուսական բեկման վտանգ գոնե առայժմ չեն տեսնում: Հայաստանի համար այս ամենը գերկարևոր է, քանի որ Վրաստանը այսօր, ըստ էության, դառնում է Կովկասի միակ եվրոպական պատուհանը, Եվրոպական ուղղության հետ կապող թելը, որը եթե ընդհատվի, ապա մենք կարող ենք նաև հրաժեշտ տալ Հայաստանի եվրոպական նույնիսկ տեսական հեռանկարներին:
Վրաստանի հարցում, սակայն, հայաստանյան դիտանկյունից կա հետաքրքրական մեկ այլ հանգամանք: Թբիլիսիի ռուսական բեկման հարցում առկա է բավական մեծ մի խոչընդոտ: Չնայած 31 տոկոս ԵՏՄ հակվածության ցուցանիշին, բնակչության մոտ երկու երրորդը նախընտրում է ինտեգրացիան եվրոպական, ՆԱՏՕ-ի ուղղությամբ: Այս պատկերը ունի նաև քաղաքական ձևակերպում, այսինքն՝ Վրաստանում կա քաղաքական ընդդիմություն, որը եվրոպական ուղու հստակ հետևորդ է: Սա առաջին հերթին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն է, միաժամանակ հրաժարական տված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և ինչպես երևում է՝ Վրաստանի նախագահը: Կան նաև եվրոպական ուղուն հավատարիմ, հետևորդ այլ ուժեր:
Այսինքն՝ ակնհայտ է, որ Վրաստանում կա եվրոպական քաղաքական կուրսի, այսպես ասած, ընդդիմադիր բազա, որը չի կարող իշխանությունների համար չլինել զգոնության և սթափության, զգուշության հստակ ազդակ, մշտապես գործող ազդակ, եթե նույնիսկ իշխանությունները իսկապես հակված են շրջվել դեպի Ռուսաստան (այդպիսի ցցուն, անհերքելի վկայություններ, այնուհանդերձ, այսօր գոյություն չունեն): Կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի հսկայակական գործոն կարող է դառնալ այդ բազան համախմբվելու դեպքում:
Այս իրավիճակը Հայաստանի համար հետաքրքրական է այն տեսանկյունից, որ աշխարհաքաղաքական նույնքան բարդ տարածաշրջանում, բարդագույն խնդիրների կիզակետում գտնվող մեր երկրում չկա ընդդիմադիր քիչ թե շատ ծավալուն բազա, որը հակակշիռ կլինի արտաքին քաղաքականության հարցում իշխանության ծայրահեղ ռուսահպատակ քաղաքականությանը, որը հանդես կգա եվրաինտեգրացիայի սկզբունքային դիրքերից: Հայաստանում այդպիսի ուժեր կան, սակայն նրանք հիմնական դերակատարներ չեն: Հիմնական դերակատար ուժերը այդ հարցերում կամ իշխանության հետ են, կամ էլ առավելագույնը՝ «չեզոք», ինչը, մեծ հաշվով, նույնն է:
Մինչդեռ խնդիրը այստեղ ռուսմաետ-արևմտամետ պարզունակ հակադրությունը չէ, որ փորձում են ստանալ Հայաստանում ռուսական գերիշխանության քարոզչական սպասավորները: Խնդիրը աշխարհաքաղաքական հավերժական մրցակցության պարագայում պետության ճկունությունն է, ինքնուրույնությունը, դիմադրունակությունը, հատկապես երբ նկատի առնենք, որ Հայաստանն ունի հարևանների հետ կարևոր խնդիրներ, որոնք աշխարհաքաղաքական մրցակցության հանգուցային կետեր են:
Այդ պայմաններում, ինքնուրույն, դիմադրունակ, մրցունակ քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ունենա իշխանությունից տարբեր կարծիք և դիրքորոշում արտահայտող ուժեղ ընդդիմություն, ինչը նվազագույն մակարդակում գոնե կապահովի պետական ինքնիշխանությունը, թույլ կտա խուսափել միակողմանի թելադրանքներից: Առկա բացի ամենացցուն հետևանքը մենք տեսանք ԵՏՄ անդամակցության տեսքով, որը Հայաստանը կանգնեցրեց բազմաթիվ տնտեսական ու քաղաքական կորուստների առաջ՝ լարելով իրավիճակը նաև հայ-ադրբեջանական սահմանին: Եվ դրա առանցքային պատճառներից մեկն այն էր, որ այդ գործընթացը Հայաստանում չարժանացավ քաղաքական քիչ թե շատ լուրջ ընդդիմության, դիմադրության:
Հայաստանում այդ խնդիրը շարունակում է լինել կենսականորեն հրատապ և այդպիսի ընդդիմության բացակայությունը, դժբախտաբար, առաջիկայում կարող է Հայաստանը կանգնեցնել նոր և ավելի ծանր բարդությունների առաջ:








































