Իրաքի զինված ուժերը հետ են մղել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների հարձակումը երկրի հյուսիսային Աջիլ նավթահանքի վրա՝ ոչնչացնելով 73 իսլամիստի: Այս մասին հայտնում է Iraqi News պարբերականը՝ հղում անելով «Դիջլա» շտաբի հրամանատար գեներալ Աբդել Ամիր ազ-Զեյդին:
Գրոհայինները հարձակվել են կիրակի օրը Թիքրիթից ոչ հեռու:
«Միավորված ուժերի և ԴԱԻՇ-ի գրոհայինների միջև դաժան բախումներ են սկսվել, երբ իսլամիստները գրոհել են Աջիլ հանքավայրը, որը գտնվում է Թիքրիթից արևելք: Բախման արդյունքում զոհվել է 73 գրոհային՝ ներառյալ օտարերկրացի վարձկաններ»,- հայտնել է ազ-Զեյդին:
Նա նաև ասել է, որ գրոհայինների հետ բախումների ժամանակ զոհվել է 3, վիրավորվել 13 զինծառայող:











































