Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 75-ամյա բնակիչ Անիկ Դավթյանից: Նա պատմեց, որ նախագահական ընտրությունների օրը Արտաշատի 3-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իրեն կոպտել է ու վիրավորել:
Տեղեկացնենք, որ Վիրաբյանն Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակից է: «Ես ընդամենն ուզում էի տեսնել՝ իմ բարեկամների և հարազատների անունների դիմաց ստորագրություն կար, թե ոչ: Բայց Վիրաբյանն ինձ քաշեց ու վիրավորեց՝ լկտի, քեզ ով չի ճանաչում, դուրս շպրտեք, ըսենց արեք, ընենց արեք»,- վրդովված պատմեց քաղաքացին:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որը թեև արձակուրդում է, այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստացավ Վիրաբյանին հրավիրել իր մոտ և ամոթանք տալ այդ պահվածքի համար. «Տվյալ քաղաքացուն էլ խորհուրդ եմ տալիս օգտվել իր քաղաքացիական իրավունքներից: Ինչպես օրենքն է պահանջում, թող այնպես էլ վարվի: Ես դեմ եմ կոպիտ վերաբերմունքին»: