Ամենաքիչը մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը տուժել են ամերիկյան Տեխաս նահանգում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ մեկ մարդ գտնվում է ծայահեղ ծանր վիճակում, ևս երկուսը վիրավոր են: Տարերքը լուրջ վնասներ է հասցրել ամենաքիչը վեց շինությունների: Համաձայն նահանգի հրշեջ ծառայության՝ ներկա դրությամբ իրականացվում է վնասի գնահատում, զոհերի և տուժածների թիվը կարող է աճել: Հաղորդվում է, որ քաղաքին մոտենալուն զուգահեռ փոթորկի ուժգնությունը նվազել է:
Ըստ Ազգային օդերևութաբանական բյուրոյի՝ ևս մեկ տորնադո է գրանցվել Էլ-Պասո շրջանում: Ըստ տարբեր տեղեկությունների Տեխաս, Կոլորադո, Օկլահոմա, Կանզաս,Նեբրասկա նահանգներում գրանցվել է 34 տորնադո, բայց այդ տվյալներից ոչ բոլորն են հաստատվել:












































