«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Գայանե Շագոյանը:
-Տիկին Շագոյան, Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ այլընտրանք առաջարկող ընդդիմություն չկա, նոր ձևակերպումներ, նոր պահանջներ բարձրաձայնողներ չկան: Չի՞ ստացվում արդյոք, որ համատարած նույն մտածողության մեջ են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:
– Այլընտրանքային տարբերակներ կային Նախախորհրդարանի մոտ, երբ փորձ էր արվում գոնե շեշտադրումները փոխել 100-ամյակի հետ կապված, և բոլորս ականատես եղանք, թե ինչպիսի անհամաչափ քայլերով արձագանքեց իշխանությունը: Ինձ համար շատ հասկանալի է, որ Հայաստանում այս պարագայում չի ծնվում կամ գոնե լսելի չեն այդ ձայները, որովհետև տրավմատիկ հիշողությունն ունի նման մի մեխանիզմ, որը բոլոր այլ հարցերը ստորադասում է Ցեղասպանության մասին հիշողությանը: Որպեսզի որևէ քաղաքական ուժ կարողանա իր գաղափարի ետևից մասսաներ տանել, դրանք պետք է մեծամասնության համար ընկալելի լինեն կամ ընկալելի դառնան, ուրեմն քաղաքական ուժերը հաջողության հասնելու համար հիմնականում տուրք են տալիս պոպուլիզմին և նախընտրում են ոչ թե նոր գաղափարների առաջարկներ, այլ եղածների ըմբռնում՝ դրանք փորձելով «սեփականաշնորհել»: Պատահական չէ, որ XX դարում, ինչպես նաև մեր օրերում, ամենահեշտ տարածվողն ազգայնական գաղափարներն են առավել էմոցիոնալ և հանրության համար հեշտ ընկալելի: Այսինքն՝ քաղաքական առաջնորդներն ասում են ոչ թե այն, ինչ իրենք են ուզում, այլ այն, ինչ իրենցից սպասում են մյուսները: Անտեղի է մտածել, որ որևէ քաղաքական ուժ, առավել ևս՝ Հայաստանում, որտեղ ընդդիմությունն ընդհանրապես ջախջախված է, փորձ կանի արտաբերել մտքեր, որոնք մեծամասնությանը խորթ կթվան: Քաղաքական դաշտում այդ մտքերի բացակայությունն այս պայմաններում տրամաբանական է: Շատ վատ է, որ մեզանում չկա հանրային դիսկուրսի փոփոխության անհրաժեշտության գիտակցում, հարցի ոչ թե էմոցիոնալ, այլ ռացիոնալ և բազմակողմանի բաց քննարկման միտում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Սրա հետ մեկտեղ հայ-թուրքական արձանագրությունների դեպքը շատ լավ ցույց տվեց, որ շատ քաղաքական գործիչների համար Ցեղասպանության խնդիրն ավելի շուտ առուծախի առարկա է, քան, ինչպես սիրում են ասել՝ «ազգային պահանջատիրություն»։ Գործող իշխանության քաղաքական հաշվարկներում (այն էլ, ինչպես պարզվեց, սխալ արված) հանրության հույզերն ու վերաբերմունքը Ցեղասպանության հարցում ոչ մի դեր չունեցան։ Սա առնվազն խոսում է այն մասին, որ իշխանություններն ընտրված չեն, քանի որ կարող են հեգնել քաղաքացիների բացարձակ մեծամասնության և ողջ սփյուռքի վերաբերմունքը Ցեղասպանության հարցում, անել այդ սպասելիքներին հակառակ քայլեր։ Եթե իշխանությունները որոշել էին փոփոխություն մտցնել քաղաքական հարացույցում, ապա այդ փորձն արվեց առանց լուրջ հանրային քննարկման ու նախապատրաստական աշխատանքների։ Հիշում ենք արձանագրությունների հետ կապված քննարկումների իմիտացիան, որը քիչ է տարբերվում այսօրվա սահմանադրական բարեփոխումների քննարկումների իմիտացիայից։ Հանրության սպասումները և իր ընտրողին հաշվետու լինելու որևէ փորձ հայաստանյան իշխանությունները չունեն, և մոտ ապագայում էլ դժվար է նման բան սպասել։ Դրա համար մեր պատմության մեջ կարող են պատահել «սեպտեմբերի երեքներ»։ Եվ վախենամ՝ եթե վաղը Պուտինը պահանջի Ցեղասպանության հարցի հետ կապված մեր քաղաքական էլիտայի վարքի 180 աստիճան շրջադարձ, այսօրվա իշխանություններն առանց որևէ վայրկյան վարանելու կենթարկվեն այդ պահանջին։ Համենայնդեպս, ոչ մի պաշտոնական արձագանք չունեցավ Սոչիում Ցեղասպանության պաստառները հանելու տեղական իշխանությունների որոշումը։
Ժողովրդավար երկրներում էլ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դյուրությամբ օգտագործվում է՝ կառավարելու հայ համայնքը՝ որպես մեկ միատարր ընտրազանգված, որի ցանկացած ընտրություն կարելի է կանխորոշել Ցեղասպանության հարցի հետ կապված դիրքորոշմամբ՝ «բաղձալի» բառը չարտաբերելու կամ այն հոմանիշներով փոխարինելու պայմանով:
– Այս տարի էլ Օբաման դարձյալ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Հանրությունը բուռն արձագանքեց: Շարունակ զոհի կարգավիճակից արդյոք չպե՞տք է անցում կատարել արժանապատիվ կեցվածք որդեգրելու:
– Հայ հանրության հիասթափությունը հասկանալի է, քանի որ դժվար է հերթական անգամ լինել «խաբված»։ Թեև այդ զգացողության առկայությունը նախևառաջ մեր քաղաքական էլիտայի մեղքն է՝ լինի հայաստանյան, թե սփյուռքյան, ովքեր այդ բառն արտասանելուն չափազանցված նշանակություն են տալիս և ուժ ու եռանդ չեն խնայում այդ նպատակին հասնելու համար՝ «պահանջը» ավելի հստակ գնահատելու և ձևակերպելու փոխարեն, մի բառ, որը առանց բացատրության ներառված է հիմնական նշանաբանի մեջ («հիշում եմ և պահանջում»), որպեսզի հասկանալի լինի նախևառաջ հենց մեզ՝ հայերիս, ինչպես նաև նույն Օբամային և թուրքական կողմին, թե ինչ է հետևելու Ցեղասպանության ճանաչմանը։
– Որպես ազգագրագետ՝ ի՞նչ եք կարծում, Ցեղասպանության խորհրդանիշ ընտրված անմոռուկը կարո՞ղ է դառնալ Ցեղասպանության խորհրդանիշներից մեկը:
– Անմոռուկն այսօր արդեն դարձել է այդ խորհրդանիշն իր տարածվածությամբ: Ես հիմա Միացյալ Նահանգներում եմ, և այստեղ նույնպես անմոռուկը «ներկա» է, ինչպես և ամենուր, որտեղ կա հայ բնակչություն, և համապատասխանաբար արվում է ոգեկոչման որևէ արարողություն: Այսօրվա տեխնոլոգիաների դարում նման տարածում շատ հեշտ է ապահովելը: Սա նաև ինքնակազմակերպվող գործընթաց է, որը համընկնում է ոգեկոչման արարողությունների կազմակերպիչների նպատակի հետ։ Լավագույն օրինակներից է, որը գրանցել էր ազգագրագետ գործընկերներիցս մեկը, տաքսու վարորդի բացատրությունը, թե ինչպես է իր մեքենայի վրա հայտնվել անմոռուկը. «Մեզ պարտադրել են, բայց եթե այդ պահանջն էլ չլիներ, ես կամավոր կդնեի»։ Բացի այդ՝ այն արդեն մաս է կազմում հուշանվերային շուկայի, և հաջորդ տարիներին էլ, որպես սպառվող ապրանք, արտադրողն այն կառաջարկի և որոշ իմաստով կպարտադրի սպառողին։ Նույնիսկ այն, որ անմոռուկների արտադրությունը մենաշնորհելու մեղադրանքներ եղան, վկայում է այս խորհրդանշանի շուրջ ծավալվող շուկայական հետաքրքրությունների մասին։ Այնպես որ, կարծում եմ, որ այս խորհրդանշանն ինքնուրույն ապրելու իր ճանապարհն արդեն հարթել է։ Չնայած ընտրված ծաղկի դիզայնն այնպիսի տարածված տարբերակ է, որ չիմացողի ուշադրությունը չի գրավում՝ նման պատկերով բազմաթիվ խորհրդանշաններ կան աշխարհով մեկ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատկերը, իմ կարծիքով, շատ ավելի յուրահատուկ է և ճանաչելի։ Եվ եթե նման խորհրդանշան ստեղծելու անհրաժեշտություն կար, ես կնախընտրեի, որ այն դրա շուրջ կառուցվեր: Անմոռուկում ներառված հուշահամալիրի պատկերը հիմնականում անընթեռնելի է, իսկ շատ դեպքերում ուղղակի բացակայում է։ Մանուշակագույնի և ծաղկի առկայությունն ու առատությունը անհամապատասխան տոնականություն են հաղորդում հարյուրամյակի ոգեկոչման բոլոր արարողություններին ու Երևանին ընդհանրապես, բայց ենթադրում եմ, որ այն ընտրվել է՝ խուսափելու սևի շատ ավելի ծանր ներկայությունից, իսկ անմոռուկն էլ սկսել է դուրս մղել մինչ այդ այս օրվա հետ ավելի ասոցացվող կակաչները։ Միևնույն ժամանակ արժե հիշեցնել, որ տարբեր մշակույթներում և միջազգային խորհրդանշանների շարքում անմոռուկի գույնն ունի նաև իր ինքնուրույն իմաստը։ Դրանցից է, օրինակ, 1970-ական թվականներին միասեռական շարժումը խորհրդանշող թանաքագույնը։ Դա տեղի ունեցավ այն միջադեպից հետո, երբ Սան Ֆրանցիսկոյի մի հոմոֆոբ տպարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների վրա լցրեց թանաք, և մասնակիցների թանաքոտված ձեռքի հետքը դարձավ այդ շարժման խորհրդանշաններից մեկը։ Սան Ֆրանցիսկոյում այսօր էլ տարբեր շինություններ, որ առնչվում են միասեռականների իրավունքների պաշտպանության և հանրայնացման հետ, ներկված են մանուշակագույնի տարբեր երանգներով։
Ինչևէ, այս խորհրդանիշը, անկախ տարբեր մարդկանց մասնավոր առարկություններից, արդեն կայացած է, ապրում է իր կյանքով։ Այլ հարց է, որ այս խորհրդանիշը հատկապես դպրոցականների միջավայրում տարածելը՝ պարտադրել անմոռուկներ պատրաստել, հուզականորեն հագեցած բազմաթիվ միջոցառումների մասնակցել և Ցեղասպանության խնդրին անհատապես առնչվել, նպաստում են ոչ միայն հիշողության, այլև տրավմայի փոխանցմանը հաջորդ սերնդին՝ առանց հաշիվ տալու, թե որքանով է արդարացված հիշելու դիմաց վճարվող այդ գինը, առանց փորձելու հասկանալ, թե իրականում ինչ ազդեցություն է այն ունենում երիտասարդ մարդու կայացման և աշխարհընկալման վրա, և վերջապես, որ նման գործողությունների պարտադրանքը կարող է հակառեակցիա առաջացնել և վանել ոգեկոչման արարողություններին որևէ կերպ մասնակցելու նույնիսկ միտքը։
Ոգեկոչման տարբեր արարողությունների կապակցությամբ առավել մտահոգիչ պահը դրանց տոտալիտար միջոցառումների բնորոշ լեզուն է։ Հանրապետության հրապարակում բազմաթիվ երեխաների մասնակցությամբ ներկայացումն ակամայից հիշեցնում էր խորհրդային «օլիմպիական» և կորեական միջոցառումները։
– Թեև 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք գրքեր հրապարակվեցին, բայց դրանք մեծ հաշվով մեր իրականության հետ աղերս չունեն, դարձյալ ավելի շատ վավերագրություն էին, բայց ոչ՝ վերլուծություն:
– Հաճախ է խոսվում, որ հարկավոր է դուրս գալ արդեն եղած հարացույցների շրջանակից ու փորձել տեսնել լուծման ինչ-որ այլընտրանքային տարբերակներ: Այդուհանդերձ, ենթադրում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան կժխտի Ցեղասպանության փաստը, այն կմնա որպես առաջնային գոնե սփյուռքում: Նույն հրեաների և Գերմանիայի դեպքում՝ եթե նայենք այս ժողովուրդների փորձը, ապա կտեսնենք, որ հարցը լուծվեց միայն շնորհիվ այն բանի, որ Գերմանիան ընդունեց իր մեղքը, և ամբողջ երկիրն աշխատում էր այդ մեղքի գիտակցման և փոխհատուցման շուրջ տասնյակ տարիներ: Ընդ որում՝ դա տեղի ունեցավ ոչ թե գերմանացիների պարզ ցանկությամբ, այլ որովհետև ժամանակին Միացյալ Նահանգները ստիպեց Գերմանիային դա անել։ Եվ այս հարցի քննարկումը մտավ հանրակրթական ծրագրեր, այսօրվա նրանց քաղաքական էլիտան արդեն դաստիարակվել է այդ ոգով, դա դարձավ ամեն մի գերմանացու օրվա պահանջ, որը բերեց նրան, որ և՛ գերմանացիները, և՛ հրեաները փոխեցին միմյանց հանդեպ վերաբերմունքը: Եթե անդրադառնանք մյուս ցեղասպանությունների ճանաչման փորձին, ապա կտեսնենք, որ, կարծես, միայն Ավստրալիայի դեպքում է, որ քաղաքական իշխանությունները բարձրագույն մակարդակում կամավոր ընդունեցին իրենց մեղքն առանց արտաքին պարտադրանքի: Թուրքիային պարտադրելու համար պետք է ունենաս համապատասխան մրցունակ առնվազն դիվանագիտական ներուժ, էլ չեմ ասում՝ երկրի հզորություն։ Առանց պարտադրելու Թուրքիան կարիք չունի փոխելու իր մոտեցումները, առավել ևս, որ այսօր էլ շարունակում է այս կամ այլ կերպ ոչնչացնել ազգային փոքրամասնությունները, քանի որ դա է իր ընտրած ճանապարհը՝ կառուցելու ազգային պետություն։ Նա կարողանում է այնպես անել, որ դա իրեն ներվում է։ Ավելին՝ նա կարողանում է միաժամանակ մնալ բարեկամ ԱՄՆ-ին և Ռուսաստանին. դա քիչ երկրների է հաջողվում։ Եվ մեր «մեծ դաշնակից» Ռուսաստանն ու «դեմոկրատիայի հայրենիք» ԱՄՆ-ը պատրաստ չեն կրելու որևէ կորուստ Թուրքիայի հետ հարաբերություններում՝ հօգուտ «պատմական արդարության»։
Հայերիս դեպքում պետք է հիշենք նաև այն, որ անկախ Հայաստանում ընթացող քննարկումներից՝ Ցեղասպանության հարցը մնում է որպես առավել կարևոր և համախմբող խնդիր հայկական սփյուռքում, որի համար ցեղասպանությունը «ազգածին» առասպելի դեր ունի։ Ոչ թե այն իմաստով «առասպել», որ չի եղել, այլ որ պայմանավորել է այս խմբի առաջացումն ու կանխորոշում է նրա գրեթե յուրաքանչյուր խմբային վարք։ Եվ ես չգիտեմ՝ եթե մի օր Ցեղասպանության հարցը քննարկումից դուրս գա, ի՞նչը պիտի ստիպի հայ սփյուռքին պահպանելու իր ներքին ինստիտուտներն ու հետամուտ լինելու հայ ինքնության վերարտադրմանը: Այնպես որ՝ խնդիրը դիտարկելու և քննարկելու շատ կողմեր կան, դրանք սովորաբար արվում են փոքր և հիմնականում գիտնականների փակ խմբերում՝ մեծ մասամբ դուրս չգալով հանրային քննարկման մակարդակ: Ասեմ, որ բավականին համարձակ քայլեր այս ուղղությամբ անում են թուրք հետազոտողները, հատկապես նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են իրենց երկրի իրական ժողովրդավարացմամբ՝ հասկանալով, որ այլ ճանապարհ չունեն դրան հասնելու, քան առերեսվելն է իրենց պատմությանը։
Պատմությունից իրականում դասեր չեն քաղում, և ամեն իրավիճակ բավականին յուրահատուկ է, բայց խորացված ուսումնասիրությունը, այնուամենայնիվ, կօգնի որոշ կանխարգելիչ գործողություններ նախանշել։ Զարմանալիորեն 1915 և 2015թթ. միջև կարելի է բազմաթիվ զուգահեռներ տեսնել՝ այդ թվում իրենց բարեկամ հռչակած և հակառակ քայլեր ձեռնարկող հարևանների առումով էլ:







































