Պետական եկամուտների կոմիտեի 2011թ-ի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ սպասարկման որակի բարձրացում: Այս մասին ասվում է ՊԵԿ տարածած հաղորդագրությունում:
«Հարկային վարչարարության բարեփոխումների հիմնական ուղղությունները» թեմայով երեկ աշխատանքային խորհրդակցությունն է կազմակերպվել: Խոշոր հարկատուների հետ: ՊԵկ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նշել է, որ 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են հավաքագրվել 49,2 միլիարդ դրամի հարկեր և 10,2 միլիարդ դրամի սոցիալական վճարներ, ինչը նշանակում է, որ 2011թ առաջին եռամսյակում 4,4 տոկոսով ավելացել է խոշոր բիզնեսից գանձված հարկերի տեսակարար կշիռը:
2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրված 56,1 տոկոսի դիմաց 2011թ. նույն ժամանակաշրջանում գանձվել է 60,5 տոկոս, որը թվային արտահայտությամբ կազմում է 38,6 միլիարդ դրամ` 2010թ.–ի 68,8 միլիարդից և 49.2 միլիարդ դրամ` 2011թ. 81,3 միլիարդից: