Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ է արդեն հայացքով դեպի գյուղ շրջվել: Այսօր Գյումրիում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետը բոլոր գյուղացիներին անձամբ տեղեկացրել է, որ «մաքուր բակ» եւ «մաքուր գյուղ» մրցույթներ է կազմակերպում, որի շրջանակներում կազմակերպվելու են շաբաթօրյակներ: Մրցույթին հաղթողներին մարզպետը խոստացել է ուղարկել «Ջերմուկ» հանգստյան տուն` հատուկ ուղեգրերով:
Գիզիրյանի հայտարարությունը լուռ լսելուց հետ, նիստի ավարտին վերջինիս կոչին արձագանքել է նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հանկարծ վեր է կացել ու դիմելով գյուղապետերին, կոչ է արել. «Այ մարդ, ձեր դիմացը մաքուր պահեք էլի»:
Ի դեպ, Շիրակի մարզխորհրդի այսօրվա նիստին մարզպետը չափազանց խիստ է եղել եւ դուրս է հրավիրել բոլոր այն գյուղապետերին, ովքեր մարզխորհրդի նիստից 10 րոպե ուշացել են. «Դու’րս գնացեք, դո՛ւրս, դուք սրանով ձեզ չեք հարգում: Ի՞նչ է նշանակում 10 րոպե ուշանալ»:
Գիզիրյանը նաեւ Շիրակի տարածքային վարչության պետին ասել է դուրս գալ ու պարզել, թե ինչու են ուշացել գյուղապետերը: Ավելին, Գիզիրյանին զայրացրել են նաեւ այն գյուղապետերը, ովքեր գյուղի եկամուտները հավաքագրել են ցածր տոկոսադրույքներով: Նա մեկ- մեկ ոտքի է կանգնեցրել այդ համայնքների ղեկավարներին ու պատասխան պահանջել հարկեր չհավաքագրելու վերաբերյալ: Իսկ խեղճացած գյուղապետերն էլ պատասխանել են. «Ընկեր Գիզիրյան, խոստանում ենք , որ այսուհետ լավ կաշխատենք»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի








































