Մայիսի 7-ին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրք մասնագետների, պատմաբանների ու գիտնականների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Հայոց ցեղասպանության հարցը և Դարդանելի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը։
Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Ռեֆիք Թուրանը հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Ե՛վ գիտական, և՛ քարոզչական, և՛ պատմական, և՛ քաղաքական հարցերում պետք է միասին առաջ շարժվենք, մենք պետք է համաձայնեցնենք մեր քայլերը»։
Էրդողանի հրավերով հանդիպմանը ներկա է գտնվել և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներին մասնակցել է ամերիկացի գիտնական, հայտնի օսմանագետ Հիթ Լոուրին։
Հավելենք, որ բացի վերոնշյալ թեմաներից՝ քննարկվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում անցկացված միջոցառումները, ինչպես նաև Մեծ եղեռնի վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը սրբազան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում Պապն ասել է, որ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»:











































