ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Թասթին քաղաքի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 3 մարդ սպանվել է: Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով՝ չարագործը կրակը բացել է առնվազն երեք տարբեր վայրերում:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 05.20-ին սեփական տներից մեկում: Ոստիկանները, որոնք դեպքի վայր են ժամանել հարևանների կանչով, տանը հայտնաբերել են կնոջ դիակ:
Իրադարձությունների հստակ ժամանակացույցը դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ առաջին սպանությունը կատարելուց հետո կասկածյալը, ով 20-30 տարեկան տղամարդ է, դեպքի վայրից փախուստի է դիմել ավտոմեքենայով, որից հետո կրակ է բացել մայրուղու երկու տարբեր հատվածներում: Դրանից հետո փախուստի դիմելով ոստիկանության հետապնդումներից՝ հանցագործը ինքնասպանություն է գործել:
Սպանվածների անուններն ու տարիքը չի հրապարակվում: Հանցագործության դրդապատճառներն ու մանրամասները դեռևս հայտնի չեն:








































