Պրոդյուսեր Քեթլին Քենեդին չի աշխատելու Jurassic Park ֆիլմի չորրորդ հատվածի նկարահանման վրա: Պրոդյուսեր Ֆրենկ Մարշալը՝ Քենեդիի ամուսինն ու գործընկերը, այդ մասին հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Մարշալի խոսքերով՝ Քենեդին ամբողջովին կենտրոնացել է «Աստղային պատերազմների» 7-րդ ֆիլմի վրա:
Մարշալը նաև հավելել է, որ ֆիլմի ռեժիսորը դեռ չի ընտրվել: «Յուրայի ժամանակաշրջանի այգի» ֆիլմի առաջին և երկրորդ մասերի ռեժիսորը եղել է Սթիվեն Սփիլբերգը, իսկ պրոդյուսերը՝ Քեթլին Քենեդին: Որպես պրոդյուսեր՝ նա աշխատել է Սփիլբերգի այլ նախագծերում ևս՝ ներառյալ «Այլմոլորակայիններ», «Շինդլերի ցուցակը», «Լինքոլն» ֆիլմերը: Բացի այդ, 2012 թվականին նշանակվել է Lucasfilm ընկերության նախագահ:










































