Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պետք է հաղորդակցման ուղի գտնեն միմյանց հետ և համաձայնության գան սխալներն ուղղելու շուրջ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին «Լիբերալ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սաակաշվիլին չի օգտագործում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի թեման կառավարության հետ ներքին քաղաքական հակամարտության համար, եվրահանձնակատարը նշել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում դրա գնահատականը:
«Ես չեմ կարող գնահատել, թե ով և ինչպես է իրեն պահում այս բարդ իրավիճակում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հստակ հայտարարել, որ երկու կողմերն էլ պետք է հոգան նրա մասին, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Վրաստանը ներակայնա ուժեղ, պատասխանատու ժողովրդավարություն՝ բոլորին համոզելու համար, որ պատրաստ է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրին և մուտքի այցագրի ազատականացմանը»,- նշել է Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ նախագահը և վարչապետը պետք է ապացուցեն, որ համագոյակցությունը չի խոչընդոտի ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին:
Ֆյուլեն նշել է, որ պետք է ստեղծել հիմք համագոյակցության համար, ինչն ինքնին բարդ է և հեշտ չէր լինի նույնիսկ արևմտաեվրոպական ժողովրդավարության համար:
«Սա, իհարկե, մեծ մարտահրավեր է երկրի համար, որին հաջողվեց իշխանություն փոխել խաղաղ և ազատ ընտրությունների միջոցով, շատ կարևոր գործընթաց է, և երկու կողմերից էլ պահանջվում է երկրի շահերը վեր դասել սեփական կամ կուսակցական շահերից»,- եզրափակել է Ֆյուլեն:











































