Ավստրալիայի հյուսիսարևելյան Քվինսլենդ նահանգում տեղատարափ անձրևները 5 մարդու մահվան պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Տեղումները մայրցամաքի արևելյան ափին սկսվել էին ուրբաթ։ Տեղի օդերևութաբանների տվյալներով՝ 24 ժամում տեղացել է մոտ 360 մմ տեղում, որոնք հեղեղումներ են առաջացրել երկրի որոշ շրջաններում։
Չորս մարդ, այդ թվում՝ 5-ամյա երեխա, մահացել են Քվինսլենդում այն բանից հետո, երբ հեղեղաջրերի հոսքը քշել է նրանց մեքենաները մայրուղուց։ 5-րդ մարդու դին փրկարարների կողմից գտնվել է շաբաթ օրը։
Մեկ գիշերվա ընթացքում փրկարար ծառայությունը ստացել է մոտ 1800 զանգ։ Առնվազն 30 մարդ է փրկվել։ Ավելի քան 30 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։
Երկաթուղային հաղորդակցությունը որոշ շրջաններում դադարեցվել է։










































