Մերձավոր Արևելքի երկրներում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) լայնամասշտաբ հարձակումը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերի Իրաք ռազմական ներխուժման հետևանք է: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:
«Ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել: Փորձ է ձեռնարկվել դրա դեմ ավիացիայի օգնությամբ պայքարել, սակայն օդային հարվածները խնդիրները չեն լուծում: Այդպիսի մեթոդներով հնարավոր չէ հարթել այն քաղաքական իրավիճակը, որը ստեղծել է ԴԱԻՇ-ը… ԴԱԻՇ-ի ակտիվությունը ամերիկացիների կողմից Իրաքի օկուպացիայի ուղղակի հետևանքն է, չէր կարելի գրավել Իրաքը: Իսկ երբ (գրոհայինները) տեսան, թե ինչ է կատարվում Սիրիայում, գնացին նաև այնտեղ»,- ասել է Բրահիմին:
Բրահիմիի խոսքով՝ Սիրիայի և Իրաքի խնդիրները բարդացել են «այդ պետություններում դաժան ահաբեկչության տարածումով»: Դրա հետ կապված, նշել է նա, երկու երկրներում ճգնաժամի կարգավորումը պետք է բացառապես քաղաքական բնույթ կրի: «Կրկնում եմ, որ (Սիրիայում և Իրաքում) ռազմական լուծում չի կարող լինել: Մենք մշտապես լսում ենք, որ կողմերից մեկը շուտով կհաղթի, դա շարունակվում է արդեն երկար ժամանակ»,- ասել է Բրահիմին:
«Խոշոր պետությունները, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Իրանը, պետք է աշխատեն սիրիացի ժողովրդի խնդրի լուծման հնարավորությունների ուղղությամբ»,- հավելել է Բրահիմին:








































