«Ճիշտ է, ես հաշվետու եմ Հանրապետական կուսակցությանը, որովհետև իրենք են ինձ ներկայացրել, ՀՀԿ-ն ինձ կուսակցական որևէ առաջադրանք չի տվել: Պայմանը եղել է այն, որ ես էֆեկտիվ կառավարեմ այս գույքը և այս տնտեսությունը, որի ղեկավարն եմ, և ես պատրաստվում եմ դա անել»,- պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ պահանջներ է իր առջև դրել իրեն ներկայացրած Հանրապետական կուսակցությունը՝ ասաց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ Կարապետյանը միշտ ասում է, որ ինքը քաղաքականությունից հեռու է: Իր 100-օրյա պաշտոնավարման ամփոփման ժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծեց իր քաղաքական գործիչ չլինելու հանգամանքը. «Իրականում ես ինձ որպես քաղաքական դեմք չեմ ընդունում, և մենք մեր այսօրվա թմով մաքսիմում փորձում ենք ձևավորել այն իմիջը, որ մենք քաղաքային գույքի, քաղաքապետարանի կառավարիչներն ենք»:
Անդրադառնալով Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքները չարտոնելու հանգամանքին՝ Կարապետյանը ասաց, որ կան տեղեր, որտեղ հանրահավաք չի թույլատրվում ինչ-ինչ պատճառներով, և դրանց ցանկը տեղադրված է քաղաքապետարանի կայքում:
«Նախ մենք չենք արգելելու հանրահավաքը, և չկա ինչ-որ կողմնակալ վերաբերմունք: Ասենք՝ ՀԱԿ-ին չենք թողնում, Ժողովրդական կուսակցությանը թողնում ենք` չի լինելու դա, եթե չենք թողնում, ապա բոլորին չենք թողնում՝ համապատասխան հիմնավորումով»,- ընդգծեց Կարապետյանը:









































