Նորագյուղում խոչընդոտել են «Առավոտ»-ի լրագրողի աշխատանքը և ճնշումների ենթարկել նրան: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Առավոտ» օրաթերթի և aravot.am կայքի լրագրողուհի Հռիփսիմե Ջեբեջյանը, իրենք Նորագյուղի 9/27 ընտրատեղամասի մոտ ընտրողներ փոխադրող «Գազել» են նկատել, ցանկացել են ֆիքսել, թե արդյո՞ք իրենց փոխարեն են պատրաստվում քվեարկել «Գազել»-ով ընտրատեղամաս եկած կանայք, սակայն ոստիկանները, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամները շրջապատել և թույլ չեն տվել լուսանկարել՝ պատճառաբանելով, թե չեն գրանցվել, չեն կարող լուսանկարել, տեսագրել, լուսանկարչական ապարատը խլել են, հետո՝ վերադարձրել:
«Այնպիսի հոգեբանական ճնշում գործադրեցին, շոու սարքեցին, գոռգոռացին, որ նստեցի ընտրատեղամասում և լացեցի»,- ասաց լրագրողուհին: Նա նաև հավելեց, թե այս գործով ցանկանում է հետևողական լինել, սակայն իրեն և մի քանի այլ լրագրողների, որոնք ներկա էին ընտրատեղամասում, թույլ չեն տվել ապացույցներ ձեռք բերել: «Բայց, քանի որ մի խումբ լրագրողներով էինք, բոլորս տեղի ունեցածը ֆիքսել ենք»,- նշեց Հռիփսիմե Ջեբեջյանը:











































