ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է հետևյալ խախտումները, որն էլ ներկայացնում ենք ստորև:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արձանագրվել են ընտրատեղամասում դիտորդի ազատ տեղաշարժմանը խոչընդոտող դեպքեր, օրինակ՝ 30/01 ընտրական տեղամասում խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողների ուղղորդման դեպքեր:
30/11 և 30/12 ընտրական տեղամասերի անմիջապես դիմացը կանգնած են եղել 2 տղաներ, որոնցից մեկը ուղղորդել է ընտրողներին՝ մասնավորապես նրանց ասելով՝ «Գիտեք չէ 6 համարը»: 29/18 ընտրական տեղամասում ընտրողներին տեղամաս տեղափոխել են 0696 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով,
29/27 ընտրական տեղամաս ընտրողներին տեղափոխել են ավտոմեքենաներով:
Գրասենյակն արձանագրել է կուտակումներ ընտրատեղամասում, օրինակ՝
32/14 ընտրատեղամասում քվեարկության սենյակում ժամը 14:01-ին միաժամանակ գտնվել է ավելի քան 40 ընտրող, 29/27 ընտրական տեղամասում ժամը 12:18-ին դիտորդը հայտնել է, որ տեղամասում պարբերաբար գտնվել են ավելի քան 30 ընտրողներ, որ իրավիճակը լարված է և չի վերահսկվում:
Ընտրատեղամասերում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 40/33 ընտրատեղամասում` քվեարկության սենյակում գտնվել են համայնքի գյուղապետի որդին 2 ոստիկանների հետ, ովքեր տեղամասում գտնվելու իրավունք չեն ունեցել,
31/25 ընտրական տեղամասում ինչ-որ քաղաքացի անհընդհատ ներս ու դուրս է արել ու առաջարկել իր օգնությունը, որից դժգոհել են նաև հանձնաժողովի անդամները
Արձանագրվել են քվեարկության կարգի խախտումներ՝ 32/14 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ ընտրողների թիվը չի հայտարարվել, այլ խախտումներ ևս՝ 32/14 ընտրական տեղամասում ժամը 15:44-ին հանձնաժողովի անդամ Քաչակուլյան Գոհարը ընտրացուցակում ստորագրել է 3 քաղաքացու տվյալների դիմաց, այնուհետև ընտրացուցակում մոտ 3-ական քաղաքացիների տվյալների դիմաց ստորագրել են նաև հանձնաժողովի անդամներ Բալայան Էմման, Մարկոսյան Սոնիկը, Մարկոսյան Վիկտորյան և Մարգարյան Գոհարը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ կազմակերպության նախորդ հաղորդագրության մեջ նշված որոշ տեղամասերում արձանագրված խախտումների մասին բարձրաձայնելու համար կազմակերպության դիտորդների նկատմամբ ճնշումներ են գործադրվել. փորձ է արվել սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը տեղամասում, մի տեղամասում նույնիսկ հանձնաժողովի ներկայացուցիչը սպառնացել է, թե «ընտրությունները այնուամենայնիվ ավարտվելու են»:








































