Նախապատրաստական աշխատանքները սկսվել են մինչ ընտրությունների մեկնարը, իսկ դրանից հետո աշխատանքները տարվել են ըստ ժամանակացույցի։ Առաջին խնդիրը, որ լուծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ժամանակացույցի ընդունումն ու հրապարակումն էր։ Ժամանակացույցն ուղարկվել է նաև բոլոր ընտրական լիազոր մարմիններին։
Եթե նախապատրաստական աշխատանքները բաժանենք բաժինների, ապա առաջինը քարոզչության հետ կապված նախապատրաստական աշխատանքներն էին, օրինակ՝ ՀՀ բոլոր մարզպետները և Երևանի քաղաքապետը սահմանված ժամկետում ԿԸՀ-ին են ներկայացրել համապատասխան դահլիճների և տարածքների ցանկը, որոնք անվճար պետք է տրամադրվեն նախագահի թեկնածուներին։ Այդ ցանկը ԿԸՀ-ն սահմանված ժամկետում ստացել է բոլոր մարզպետներից: Դա տեղադրվել է ԿԸՀ-ի կայքում և մատչելի է եղել բոլոր թեկնածուներին։ Հաջորդը համայնքի ղեկավարների որոշումներն են՝ քարոզչական պաստառները փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին։ Սա ևս սահմանված ժամկետում ընդունել են բոլոր համայնքների ղեկավարները, և այս մասին ևս տեղեկացրել է ԿԸՀ կայքը։
Հինգ քառակուսի մետրը գերազանցող քարոզչական վահանակներն առանձնացվել են որպես հանրային ընդհանուր սահմանափակ ռեսուրս, և դրանց օգտագործումը համապետական ընտրությունների ժամանակ հնարավոր է ԿԸՀ-ի միջոցով։ ԿԸՀ-ն սահմանված ժամկետներում բոլոր այն կազմակերպություններից, որոնք ունեն 5 քառ. մետրը գերազանցող վահանակներ և ցանկություն են ունեցել դրանք օգտագործելու, ստացել է հայտեր: Այդ մասին կրկին տեղեկացվել է կայքում։ ԿԸՀ-ն իր որոշմամբ հավասարապես բաշխել է այդ վահանակները։
Այն վահանակները, որոնց համար հայտ է ներկայացրել մեկ թեկնածու, հատկացվել են այդ թեկնածուին։ Իսկ այն վահանակները, որոնց գործածության համար հայտ էին ներկայացրել երկու, երեք կամ չորս-հինգ թեկնածու, բաշխվել են հավասարության սկզբունքով և վիճակահանությամբ։
ԿԸՀ-ն ՀՀ նախագահի ընտրության նախապատրաստական փուլում իրականացրել է նաև երկու կարևոր գործառույթ՝ թեկնածուներից առաջադրման փաստաթղթերի ընդունումը և գրանցումը, կազմել 20 դասախոսական խումբ, որոնք իրականացրել են ուսուցման գործընթաց։











































