Սիրիայի հյուսիս-արևելքում ապօրինի պեղումների ժամանակ գողացել են առնվազն 18 հնագույն խճանկար՝ Հոմերոսի «Ոդիսականի» սյուժեների պատկերներով: Agence France-Presse-ի հաղորդմամբ` այս մասին Սիրիայի մշակույթի նախարար Լուբանա Մուշավեհը հայտնել է «Տիշրին» թերթին տված հարցազրույցում:
Նախարարության տվյալներով` գողոնը գտնվում է Լիբանանի հետ սահմանին: Տեղի ունեցածի այլ մանրամասներ նախարարը չի հայտնել:
Մուշավեհը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ երկրում զինված հակամարտության պատճառով նախարարությունը որոշակի դժվարությունների է բախվում «ամբողջ Սիրիայում 10 000 պատմական վայրերի պահպանման» գործում: Նրա խոսքով` հատկապես վտանգավոր են ապօրինի պեղումները:
Մուշավեհը նաև նշել է, որ սիրիական թանգարանները «լավ պահպանվում են», իսկ առավել արժեքավոր հավաքածուները տեղափոխվել են «շատ հուսալի վայրեր»:








































