2012 թ. հոկտեմբերին լույս կտեսնի աշխարհահռչակ երգիչ, «Բիթլզ»-ի մենակատար Ջոն Լենոնի նամակների ժողովածուն՝ «Հարգանքներով՝ Ձեր Ջոն» (Sincerly Yours, John): Հավաքածուի հրապարակումը թույլ է տվել Լենոնի կինը` Յոկո Օնոն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Little, Brown հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ջոնն ամբողջ կյանքի ընթացքում ընկերներին, բարեկամներին, անծանոթներին, թերթերի խմբագրություններին, կազմակերպություններին, իրավաբաններին գրել է նամակներ և բացիկներ, և դրանք մեծամասամբ զվարճալի էին, հետաքրքիր, կրքոտ, իմաստուն, խելահեղ, լիրիկական, մտահոգված, իսկ երբեմն՝ նաև հոգեցունց»:
Հայտնի է, որ հավաքածուի մշակմամբ զբաղվում է «Բիթլզ»-ի կենսագիր Հանթեր Դեյվիսը: Նամակները տպագրվելու են ժամանակագրական հաջորդականությամբ, և շատ հաճախ վերարտադրվելու է Լենոնի ձեռագիրը` ընթերցանությունն է՛լ ավելի հետաքրքիր դարձնելու համար:










































