Թուրքիայի իշխանությունները սկսել են Սիրիայի հետ սահմանի «Ջիլվեգեզյու» հսկիչ անցակետում ստուգման եռակի համակարգ կիրառել: Հենց այդտեղ էր փետրվարի 11-ին պայթել ականապատված ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել էին 3 թուրքեր և 9 սիրիացիներ: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Այժմ բոլոր տրանսպորտային միջոցներն ու հետիոտները մինչև Թուրքիայի սահմանը հատելը՝ բուֆերային գոտու տարածքում կանցնեն եռափուլ ստուգում: Նախատեսվում է ստուգում ռենտգենյան սարքի միջոցով, գրանցում և ավտոմեքենաների ստուգում, նաև հավելյալ վերահսկողություն կասկածելի ավտոմեքենաների նկատմամբ: Միայն այս փուլերն անցնելուց հետո հնարավոր կլինի Թուրքիայի տարածք անցնել:
Սահմանային անցակետն արդեն 4-րդ ամիսն է՝ աշխատում է միայն սիրիացիներին ընդունելու համար: Այնտեղ տեղակայված է նաև մեքենաների կայանատեղի, որտեղից մարդասիրական օգնություն է փոխադրվում Սիրիա:










































