Մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի կունենան խորհրդարանի հինգերորդ գումարման ընտրություններ, որոնք ըստ էության ոչինչ չեն փոխի Արցախ ներքաղաքական կյանքում: Դրա պատճառն այն է, որ այդ ընտրությունները և դրանց ընթացքը կանխորոշված են ընտրություններից և քվեարկությունից շատ առաջ, և արցախցիների քվեարկությունը ընդամենը լեգիտիմացնելու է այն ներքին պայմանավորվածությունները, որոնք կայացվել են մինչև ընտրությունները և մինչև քվեարկությունը:
Այդ պայմանավորվածությունների էությունը կայանում է նրանում, որ Ղարաբաղի ներքաղաքական կյանքում հաստատված ստատուս քվոն պետք է պահպանել: Իսկ ինչ ստատուս քվոյի մասին է խոսքը:
Այսօր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը ԼՂՀ 33 հոգանոց խորհրդարանում ունի համեմատական մեծամասնություն՝ 14 պատգամավորական մանդատ: Ամենայն հավանականությամբ «Ազատ հայրենիքը» ապագա խորհրդարանում ևս կլինի հարաբերական մեծամասնություն և կունենա նույնքան պատգամավոր, որքան այժմ: Դա ապահովելու համար ԼՂՀ 11 մեծամասնական ընտրատարածքներից միայն չորսում է «Ազատ հայրենիքը» թեկնածու առաջադրել` մնացած 7 ընտրատարածքները թողնելով, այսպես կոչված, մրցակից կուսակցություններին: Պակասող 10 պատգամավորը կընտրվի համամասնական ընտրությունների արդյունքում, և «Ազատ հայրենիքը» կունենա այնքան պատգամավոր, որքան այս չորրորդ գումարման խորհրդարանում:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահն է: Ղուլյանի կուսակցությունը ներկա խորհրդարանում երկրորդն է` 10 պատգամավորական մանդատով: Այս համամասնությունը կպահպանվի նաև ապագա խորհրդարանում՝ 3 պատգամավոր կընտրվի մեծամասնական ընտրատարածքներում, ևս 7-ը` համամասնական ընտրակարգով:
Ինչ վերաբերում է իշխանական եռանկյունու մյուս անդամին՝ ՀՅԴ-ին, որին այս պահին պատկանում է փոխվարչապետի պաշտոնը, և որը զբաղեցնում է Արթուր Աղաբեկյանը, ապա ՀՅԴ-ն ևս կարող է հավակնել պահպանելու իր ներկա կարգավիճակը և խորհրդարանում ունենալ երեք պատգամավոր, չնայած հնարավոր է, որ ՀՅԴ-ի ներկայացվածությունը մեկ պատգամավորով ավելանա, և ՀՅԴ-ն դա համարի 25 տոկոսանոց աճ: Մնացած 5-6 մանդատը բաժին կհասնի ընդդիմությանը կամ անկուսակցական պատգամավորներին:
ԼՂՀ-ում չնայած իշխանական կոալիցիա գոյություն չունի, բայց այս երեք կուսակցությունները այսպես եղբայրաբար կիսում են իշխանությունը, չնայած նրանցից յուրաքանչյուրը դեմ չէր լինի ունենալ ավելին: Ավելին ունենալու ամենամեծ վարչական և ֆինանսական ռեսուրսներն ուի «Ազատ հայրենիքը», սակայն այս կուսակցության առաջխաղացումը կարծես թե կանխվում է Երևանից: Եթե «Ազատ հայրենիքին» հնարավորություն տան լիարժեք օգտագործել իր ունեցած ռեսուրսները, նա կարող է խորհրդարանում ոչ թե հարաբերական, այլ որակյալ մեծամասնություն ուենալ, այդ դեպքում հավակնելով ոչ միայն ԼՂՀ ԱԺ նախագահի պաշտոնին, այլ ավելիին, այդ թվում` ԼՂՀ նախագահի պաշտոնին: Վարչապետ Արայիկ Հարությունյանն ամենևին դեմ չէր լինի 2016թ. առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում, մանավանդ, որ գործող նախագահ Բակո Սահակյանը պաշտոնավարելով նախագահության իր երկրորդ ժամկետը, այլևս իրավունք չի ունենա առաջադրվել: Եթե Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիքի» համամասնական ցուցակը ստանար ԼՂՀ ընտրողների բացարձակ մեծամասնության քվեն, ապա տրամաբանորեն հենց նա էլ պետք է դառնար ԼՂՀ հաջորդ նախագահը: Բայց քանի որ ներքին պայմանավորվածությունները թույլ չեն տա բացարձակ մեծամասնության քվե ստացած կուսակցություն ունենալ խորհրդարանում, կնշանակի, որ նախագահը պետք է լինի մեկը, ով իր անձի մեջ կմիավորի բոլորին, կլինի, այսպես կոչված, ազգային համաձայնության թեկնածու:
Կարող է այդ թեկնածուն լինել Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ-ում առայժմ չեն ցանկանում դրա մասին բարձրաձայն խոսել, քանի որ շատերը դեմ են նրա վերադարձին: Բայց Ղուկասյանը Արցախի Ժողովրդավարական կուսակցության հիմնադիրն է, և այս կուսակցությունը համարվում է նրա քաղաքական հենարանը: Բայց եթե նրա թեկնածությունը պնդվի Երևանից, «Ազատ հայրենիքն» ու ՀՅԴ-ն պարտադրված կլինեն պաշտպանել նրա թեկնածությունը, քանի որ ամեն ինչ արվում է նրանց ամբիցիաները հնարավորինս բավարարելու համար: Սա, իհարկե, ստանդարտ տարբերակն է, որը կարող է և չգործել, որովհետև պայմանավորվածությունը պայմանավորվածություն, սակայն ինչ-որ բան կարող է և դուրս գալ նախնական պայմանավորվածությունների շրջանակից:








































