Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի արտահերթ նիստը: Մի շարք օրինագծեր ընդունելուց հետո, արտահերթ նիստի ավարտին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը` – հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
– ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,
– կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը,
-երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին,
պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը,
ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»:











































