Ընտրական համակարգերի միջազգային դիտորդական կենտրոնի (ICES) առաքելության խմբի Եվրախորհրդարանի պատգամավոր Զիտա Գուրմանին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց, որ մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և դատապարտեց հունգարական կառավարության քայլը Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու համար: Նա նշեց, որ 2014-ին Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, և եթե Դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ տանի, երկրի ղեկավարումը կփոխվի:
Անդրադառնալով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին՝ նա նշեց, որ դիտորդական առաքելության խումբը դրական է արձագանքում նախընտրական քարոզարշավի ընթացքին: Բացի այդ, ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների առաջ քաշած հարցերի ուղղությամբ բարեխիղճ աշխատանք է իրականացվել, որ երկրում ընտրություններն անցնեն առանց ընտրախախտումների:
Նրա խոսքով, ԿԸՀ-ի կողմից պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել, հատկապես ընտրողների թվի նախօրոք հրապարակման ուղղությամբ. հանրությանը հնարավորություն է տրվել տեսնելու ցուցակները, ինչը թափանցիկություն և հասանելիություն է ապահովում:
«Տեղի ունեցավ թեկնածուներից մեկի վրա հարձակում, բայց պետք է նշել, որ նախընտրական քարոզարշավն անհամեմատ խաղաղ անցավ՝ չնայած եղան անտեղի և ոչ էական մեղադրանքներ: Հիմա այն կարծիքին եմ, որ սա նմանվում է ՀՀ նախագահի վերընտրության, ոչ թե ընտրության»,- նշեց Զիտա Գուրմանին:
Ի դեպ, ICES-ի առաքելության խումբը ընտրության օրը կշրջի ամբողջ երկրով, որոշված է տասը քաղաքում ունենալ դիտորդներ, սակայն առավելագույն դիտորդները կլինեն Երևանում:
Ընտրությունների ժամանակ խմբի կողմից արձանագրված նկատառումները կգրանցվեն, կներկայացվեն զեկույցի տեսքով ընտրությունների հենց հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, առավոտյան ժամը 11-ին՝ ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում:
Հայաստանում և Վրաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուխ բեն Ներիան նշեց, որ առաքելությունը 35 անկախ փորձագետներից է բաղկացած, որի մեջ մտնում են անկախ փորձագետներ, Եվրոպական խորհրդի անդամներ, լրագրողներ և այլն: Առաքելությունը վերլուծել է ԿԸՀ-ի նախապատրաստական աշխատանքները: Առաքելության ութ դիտորդներ սկսել են իրենց աշխատանքը 2013-ի հունվարին, որոնց մի խումբն աշխատել է ՀՀ ընտրական օրենսգրքի կիրառման ուղղությամբ, մյուս մասը հետևել է քարոզարշավին, ԿԸՀ-ի և ԶԼՄ-ների աշխատանքին:
Թեկնածուներից մեկից լսել է, որ որոշ բաներ կապված է ֆինանսի հետ: Ըստ այդմ` ասաց. «Արդեն տասը օր է այստեղ եմ և քաղաքում քայլերիս անձամբ նկատել եմ միայն ներկայիս նախագահի պաստառները, բայց մի դրական բան կա՝ լրագրողների ակտիվությունը, այն թեկնածուները, որոնք առաջատար չեն, շանս չունեն, միևնույն է՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են»: Նա զարմացած է, որ հեռուստաեթերով թեկնածուների միջև բանավեճ չի եղել:
Քաղաքական փորձագետ Նիկոլայ Մեյներտը բարձր գնահատեց լրագրողների աշխատանքը: Քարոզարշավը Հայաստանում, ըստ նրա, հետաքրքիր է եղել և որոշ առումով արտասովոր: Նա Հայաստանում եղած տասը օրերի ընթացքում նկատել է միայն գործող նախագահի պաստառները: Նա ևս միակ դրական քայլը լրագրողների ակտիվությունն է համարում. «Այն թեկնածուները, որոնք թեև հաղթելու գրեթե հնարավորություն չունեն, այնուամենայնիվ, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են»,- ասաց Նիկոլայ Մեյներտը:
Ինչպե՞ս են դիտորդները վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությանը, թե որքան ուզի կխփի՝ ուզենա 100 տոկոս, ուզենա 80, պատմության պրոֆեսոր Ջոն Սվեյզըլը նկատեց, որ թեև չի լսել այդ մասին, բայց կարծում է Սերժ Սարգսյանը կատակել է, իսկ Զիտա Գուրմանին նշեց, որ ընտրությունը ոչ թե նախագահի, այլ քաղաքացու կամքն է:
Ընտրակաշառքների հետ կապված ահազանգերի առնչությամբ նրանք նշեցին, որ նման հարցերն ուսումնասիրելը ոչ թե իրենց, այլ ոստիկանության գործն է:
Ջոն Սվեյզըլը նաև նշեց, որ ընտրությունների ժամանակ արձանագրված ցանկացած ընտրախախտում չի կարող ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա:
Իսկ թե որքանով են ընտրությունները ժողովրդավարական անցել, իրենք կներկայացնեն ընտրությունների ավարտից հետո:







































