ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մինչև ապրիլի 24-ը ցանկանում է հանդիպում ունենալ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
Քերիին ուղղված նամակում Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը նախ շնորհավորել է նրան նոր պաշտոնի կապակցությամբ` ընդգծելով հայ համայնքի հետ նրա` տասնյակ տարիներ ձգվող ընկերությունը:
Նամակում նշվում է նաև, որ հայ համայնքը մշտապես քննարկումներ է ունեցել Պետդեպարտամենտի հետ, և Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել Քերիի հետ՝ բոլոր հարցերի շրջանակներում, ներառյալ` սիրիահայերի և Սիրիայում բնակվող քրիստոնյաների պաշտպանության, ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:











































