Բրազիլիայի մշակույթի նախարարությունը որոշել է դատական հայց ներկայացնել Facebook-ի դեմ: Նման քայլի համար առիթ է ծառայել, ինչպես հայտնում է O Globo թերթը, սոցցանցի որոշումը՝ արգելափակել 1909 թվականի լուսանկարի հրապարակումը, որում պատկերված է մերկ կրծքով հնդկացի կին:
Պոտենցիալ հայցվորի կարծիքով՝ Facebook-ը գրաքննություն է իրականացնում համացանցում և խախտում է աշխարհի պետությունների ազգային ինքնորոշման իրավունքը: Բացի դրանից՝ սոցցանցի գործողությունները հակասում են Բրազիլիայի սահմանադրությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիային:
Այմորես (Aimores) ժողովրդի բնիկ զույգի լուսանկարը՝ նվիրված լուսանկարչական Brasiliana Fotográfica պորտալին, ապրիլի 15-ին իր կայքում տեղադրել էր Բրազիլիայի մշակույթի նախարարությունը:
Հաջորդ օրը սոցցանցը հեռացրել էր լուսանկարը, իսկ ավելի ուշ հրաժարվել էր փոխել իր դիրքորոշումը:










































