Մինչև փետրվարի վերջ ԵՄ-ն պետք է սիրիական վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների փաթեթի և զենքի մատակարարման ու նավթի վրա էմբարգոյի մասին որոշում կայացնի՝ հայտնում է rosbalt.ru-ն:
ԵՄ անդամ երկրների խումբը, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան, ցանկանում է, որ ԵՄ-ն հանի զենքի մատակարարման էմբարգոն և այդպիսով պատասխանի ընդդիմադիրների պահանջին: Սակայն ըստ Բրյուսելում դիվանագիտական աղբյուրների՝ ԵՄ-ում մեծամասնությունը դեմ է. զենքը կարող է հայտնվել ջիհադիստների ձեռքը, որոնք քիչ չեն ընդդիմադիրների շարքերում:
RFI-ի տեղեկությամբ՝ Բաշար Ասադի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցների վերանայման հարցը ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն փետրվարի 18-ին:
Սիրիայում զինված հակամարտությունը ընդդիմության և կառավարական զորքերի միջև շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում բռնության զոհ է դարձել ավելի քան 70 000 մարդ:








































