Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ արդարացման դատավճռով ավարտվեց Վահե Ա.-ի գործի դատական քննությունը:
Վահեն դատվում էր հարազատ քրոջ՝ Էդիտայի բողոքով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Վահեն ինքնակամ իրացրել է իր ենթադրյալ իրավունքները` գնացել է քրոջ բնակարան, մտել է ննջասենյակ ու պահարանից վերցրել է քրոջը նվիրած կամ «ժամանակավոր օգտագործման հանձնած» կիսամուշտակը՝ 180 հազար դրամ արժողությամբ՝ քրոջը էական վնաս պատճառելով:
Նախաքննական մարմինը Վահեին մեղադրանք էր առաջադրել ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը՝ Էդիտան, հայտնել է, թե ամռանը եղբայրը Մոսկվայից վերադարձել ու իրեն մի կիսամուշտակ է նվիրել:
Հետո իր ընտանիքի և ծնողների ու եղբոր հարաբերությունները լարվել են, ինքն իր չափահաս՝ 19 ու 20 տարեկան աղջիկներին, որ իր ծնողների տանն են մեծացել, չի թողել, որ այցելեն տատիկ-պապիկին:
Դեպքի օրը հանդիպել է եղբորը՝ Վահեին, ով հարցրել է, թե ինչո՞ւ չի թողնում, որ երեխաներն այցելեն տատիկ-պապիկին:
Վահեն այդ ամենը, ըստ Էդիտայի, ասել է վիրավորական տոնով ու «բրդբրդելով»: Ինքն էլ վիրավորվել ու ասել է, թե ի՛ր երեխաներն են, չի ուզում՝ չի թողնում:
Քույր ու եղբայր միմյանց կոպտել են, Վահեն, ըստ Էդիտայի, պահանջել է վերադարձնել կիսամուշտակը:
Էդիտան ասել է՝ կվերադարձնեմ: Նա տուն է գնացել՝ կիսամուշտակը վերադարձնելու, եղբորը «շպրտելու» մտադրությամբ:
Ճանապարհին զանգել է իր մայրիկին ու ասել է. «Տեսա՞ր՝ տղեդ մարդկանց մեջ հետս ոնց խոսեց, կիսամուշտակը հետ պահանջեց»:
Մայրը, ըստ Էդիտայի, փոխանակ Վահեին մեղադրելու, ասել է. «Դու ես մեղավոր, որ նման միջադեպ է եղել»:
Մոր այս բառերից Էդիտան ավելի է վիրավորվել: Գնացել է տուն: Մայրն էլ է հասել նրա տուն, ասել է՝ եկել եմ կիսամուշտակը տանելու: Մայրը ցանկացել է, որ կռիվը չթեժանա:
Վիրավորված Էդիտան մորն ասել է՝ դե որ էդպես է, կիսամուշտակը չեմ տալիս:
Այս և հետագա իրադարձություններին տանը ներկա են եղել նաև Էդիտայի դուստրերը:
Էդիտայի մայրը, մերժում ստանալով, դուրս է եկել:
Էդիտայի տուն է գնացել նրա հիվանդ հայրը:
Էդիտան հորը դժկամությամբ ներս է թողել, բայց տեսել է, որ եղբայրը՝ Վահեն էլ է փորձում ներս մտնել:
Էդիտան փորձել է եղբորը չթողնել, բայց Վահեն հրել է նրան, դուռը ստիպողաբար բացել, քրոջ կամքին հակառակ մտել է նրա տուն: Դստեր տուն է վերադարձել նաև մայրը:
Ըստ Էդիտայի՝ ինքը փորձել է խոչընդոտել, որ Վահեն կիսամուշտակը չվերցնի, բայց հայրն ու մայրը բռնել են, չեն թողել, որ շարժվի, եղբորը խանգարի:
Վահեն էլ իրեն վիրավորելով գնացել է ննջասենյակ, պահարանը բացել է, կիսամուշտակը վերցրել է ու «փախել»: Նրա հետևից գնացել են նաև հայրն ու մայրը:
Էդիտան ամուսնուն շտապ տուն է կանչել:
Նրանք անմիջապես գնացել են ոստիկանություն ու հաղորդում են տվել…
Տուժողի ամուսինը իր ցուցմունքի ժամանակ ասել է՝ մեր երեխաները հասկացան՝ ովքեր են իրականում իրենց տատն ու պապը…
Երբ տատն ու պապը մեծացնում էին նրանց, նրանք, ըստ երևույթին, դա չէին հասկանում…
Էդիտայի ամուսինն ասել է նաև, թե ինքը դեմ է եղել, որ Վահեն հաճախ իրենց տուն գնա, որովհետև ինքը գործարար է, իրենց տուն մեծ գումարներ են մտնում, կողմնակի մարդկանց մուտքը իրենց համար անցանկալի էր…
«Գործարարների»՝ դատարան հասցրած այս իրարանցումը 180 հազար դրամանոց կիսամուշտակի պատճառով էր, որը կամ եղբայրն էր տվել քրոջը, կամ մայրն էր տվել դստերը, հետո զայրույթից հետ էին վերցրել…
Վահեի ու Էդիտայի հայրը վատառողջ է, բայց ներկայանում էր դատական նիստերին:
Ծնողները Վահեի կողմից են այս վեճում, մեղադրում են իրենց դստերը՝ անհոգի վերաբերմունքի համար:
Մայրն ասում է, թե Էդիտայի դուստրերը իրենց տանն են մեծացել, բոլոր հարևանները, հարազատները գիտեն: Վահեն նրանց իր երեխաների պես է վերաբերվել, ոչինչ չի խնայել:
Կիսամուշտակը Վահեն մոր համար էր բերել Մոսկվայից: Էդիտան հագել, ասել է՝ մա՛մ, տես ինչ լավն ա: Մայրն էլ ասել է՝ հավանում ես՝ տար, դու հագիր:
Դժվար է պատկերացնել, որ կիսամուշտակը կարող է դառնալ եղբոր ու քրոջ, ծնողների ու դստեր, տատուպապի և չափահաս թոռնուհիների հարաբերությունների խզման պատճառ, մինչև անգամ՝ դատուդատաստանի առարկա:
Մեղադրողը իր ճառում հաստատված է գնահատել Վահեին մեղսագրված արարքը, միջնորդել է նրան դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:
Տուժող Էդիտան պահանջել է, որ դատարանը իր եղբայր Վահեին դատապարտի «օրենքի ամբողջ խստությամբ»:
Բայց ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ, անպարտ ճանաչեց Վահե Ա.-ին:
Արդարացման դատավճռի հրապարակմանը ներկա չէր մեղադրողը:
Պետք է ասել, որ նույն՝ ինքնիրավչության մեղադրանքով սա այս տարվա երկրորդ արդարացման դատավճիռն է Շենգավիթի դատարանում:
Այս՝ կիսամուշտակի գործով արդարացման դատավճռում դատարանը գնահատական չի տվել՝ կողմերից ով է ճիշտ, ով է սխալ, ում ցուցմունքներն են արժանահավատ, ում ցուցմունքները՝ ոչ արժանահավատ, նվե՞ր էր կիսամուշտակը, թե՞ տրվել էր մի քանի օր հագնելու համար, ի վերջո, ո՞ւմ էր պատկանում այն…
Դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել, որովհետև առաջադրված մեղադրանքը գնահատել է որպես «անհստակ, անորոշ», այն չի համապատասխանել օրենքով տվյալ հանցակազմի համար պարտադիր հատկանիշներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումներին:
Դատարանը կարևորել է այն, որ մեղադրանքը չի բովանդակում փաստական տվյալներ՝ ո՞ր օրենքի կամ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր իրավունքները ամբաստանյալ Վահե Ա.-ն, կամ իր ո՞ր ենթադրյալ իրավունքներն է նա իրականացրել…
Դատավճիռն անդրադարձել է նաև «կռվախնձոր» կիսամուշտակի հարցին: Կիսամուշտակը կպահվի քրեական գործի հետ, մինչև քաղաքացիական դատավարության կարգով որոշում կայացվի կիսամուշտակի պատկանելության մասին, և այդ որոշումը օրինական ուժ ստանա… Այդ ընթացքում կիսամուշտակն էլ միգուցե ցեց ընկնի, ինչպես որ մարդկանց, նույն ընտանիքի անդամների մեջ է ցեց ընկնում ու քայքայում մարդկայինն ու բարոյականը…
Տուժողն ասաց, թե արդարացման դատավճիռը անպայման բողոքարկելու է: Քաղաքացիական դատավարության կարգով էլ է դիմելու…
Վահեի ծնողները շնորհակալություն հայտնեցին դատարանին՝ իրենց կարծիքով՝ արդարացի դատավճռի համար…
Կիսամուշտակի այս գործը ներհարազատական հարաբերությունների սրման արդյունքում յուրատեսակ «վրեժխնդրության» փորձ էր դարձել կողմերից մեկի համար: Իսկ իրավական առումով այն որակվել էր որպես «ինքնիրավչություն», միայն թե, դատելով արդարացման դատավճռից, այդ որակումը կատարվել էր էական թերություններով:
Մարդիկ, պատահում է, մեկը մյուսից վրեժխնդիր լինելու համար ներքաշում են դատաիրավական մարմիններին, պտտում են դատաիրավական մեքենայի բավական թանկ անիվը: Դատաիրավական մեքենայի խնդիրն է՝ ներքաշվի՞, թե՞ չներքաշվի «վրիժառության» այդ տարատեսակի ոլորտը, փնտրի՞ արդյոք սև կատվին մութ սենյակում, երբ ինքն էլ է գլխի ընկնում, որ սենյակում ոչ մի կատու էլ չկա…











































