«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորների պրպտուն միտքը նոր հնարավորություններ է գտնում հանրությանը ցույց տալու, թե որքան է կուսակցությունը մտածում ժողովրդի մասին, որ իրենց աշխատանքն ուղղված է ժողովրդի հոգսը թեթևացնելուն, նրա սոցիալական վիճակը բարելավելուն: Այս անգամ ՕԵԿ-ը մտածել և գործել է հանուն հանգուցյալների կամ հանգուցյալների հարազատների:
ՕԵԿ խմբակցության բոլոր հինգ անդամները միասնաբար օրենսդրական նախագիծ են ներկայացրել ԱԺ` առաջարկելով փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Մասնավորապես ՕԵԿ-ն առաջարկում է որպեսզի թաղման նպաստը, որն այսօր վճարվում է կենսաթոշակառուի մահվանից վեց ամիս հետո վճարվի երեք օրվա ընթացքում: Մյուս փոփոխությունը կապված է կենսաթոշակառուի թաղման նպաստի չափին. ՕԵԿ-ն առաջարկում է, որ այն պակաս չլինի նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Այսօր թաղման նպաստը կազմում է 200 հազար դրամ, իսկ ՕԵԿ առաջարկության ընդունման դեպքում այն կբարձրանա առնվազն 65 հազար դրամով, քանի որ 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմելու է 55 հազար դրամ:
Ինչպես և պետք էր սպասել կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունով ԱԺ ներկայացված կառվարության եզրակացության մեջ ասվում է, որ թաղման նպաստը չի կարող վճարվել մահվանից հետո երեք օրվա ընթացքում, որովհետև վճարման գործընթացը ենթադրում է որոշակի փուլեր՝ վճարման ցուցակի ձևավորում, գումարի վճարման գործընթացի կազմակերպում և վճարման արդյունքների կազմակերպում՝ հաջորդ վճարման ցուցակը կազմակերպելու համար: Կառավարությունը վերոգրյալից ենթադրում է, որ ժամկետներ սահմանելը նպատակահարմար չէ, և այդպիսով մերժում է ՕԵԿ օրենսդրական նախաձեռնության առաջին հատվածը:
Նույն կերպ կառավարությունը դեմ է թաղման նպաստի չափը բարձրացնելուն: Կառավարության եզրակացության մեջ ասվում է, որ ՕԵԿ նախագծի մեջ հստակ չէ` խոսքը «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին է, որը 2015թ. հուլիսի 1-ից 55 հազար դրամ է, թե՞ «Նվազագույն ամսական անվանական աշխատավարձի», որը 2015թ. հուլիսի 1-ից 72.500 դրամ է: Միաժամանակ կառավարությունն ասում է, որ եթե թաղման նպաստը հաշվարկվի հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի 55 հազար դրամ չափը, ապա միայն 2012թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին լրացուցիչ կպահանջվի 900 միլիոն դրամ և գրեթե երկու միլիարդ, եթե հիմք ընդունվի «նվազագույն ամսական անվանական աշխատավարձի» չափը: Իսկ այդպիսի գումարներ նախատեսված չեն ո՛չ 2015թ. բյուջեով, ո՛չ էլ 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով: Մի խոսքով թաղման նպաստը բարձրացնելու համար փող չկա:
Կառավարությունը կարծում է նաև, որ թաղման նպաստի միջոցով փոխհատուցվում են հուղարկավորությունը կատարողի ծախսերը, որոնք բովանդակային առումով ուղղակիորեն չեն առնչվում նվազագույն աշխատավարձի չափի հետ:
Կառավարության ներկայացրած եզրակացության մեջ կա հետաքրիր մեկ այլ տվյալ. Հայաստանում հանգուցյալների թվի անշեղ աճ է գրանցվում. եթե 2013թ. մահացել է 23.500 կենսաթոշակառու կամ նրան հավասարեցված անձ, ապա 2014թ. այդ թիվը ավելացել է 500-ով դառնալով 24 հազար, և այդպիսով եթե 2013թ. վճարվել է 4,7 միլիարդ թաղման նպաստ, ապա 2014թ. 4,8 միլիարդ կամ 100 միլիոն դրամով ավելի: Սա նշանակում է, որ որքան էլ բյուջեով կամ ՄԺԾԾ լրացուցիչ գումարներ նախատեսված լինեն թաղման նպաստների վճարման համար, միևնույն է` հանգուցյալների թվի անշեղ աճը ստիպելու է կառավարությանը լրացուցիչ ծախսեր կատարել:
ՕԵԿ այս նախագիծը քննարկվելու է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում: ՕԵԿ անդամ պատգամավորները փորձելու են իրենց ելույթներով շահել ապագա հանգուցյալների հարազատների սրտերը: Խոսքն այն հանգուցյալների մասին է, ովքեր պետք է մեռնեն 2015թ. հուլիսի 1-ից հետո, որովհետև ըստ նախագծի այն պետք է ընդունվելու դեպքում օրենքի ուժ ստանա հուլիսի 1-ից: Նրանք հաստատ կասեն, որ հուղարկավորության ծախսերը մեծացել են, որ կառավարության տված 200 հազար դրամով ոչ մի թաղում էլ հնարավոր չէ կազմակերպել, անգամ ամենահամեստ: Հնարավոր է, որ ՕԵԿ պատգամավորները հայտարարեն, որ եթե կառավարությունը ընթացք չտա այս փոփոխությանը, ապա բազմաթիվ հայ ընտանիքներ ուղղակի հնարավորություն չեն ունենա կազմակերպել հանգուցյալների հուղարկավորությունը, և երկրում կսկսեն մոլեգնել տարատեսակ հիվանդություններն ու վարակները, որոնք իրենց հետևից նոր մահեր ու թաղումների անհրաժեշտություն կբերեն: Բայց կառավարությունը անդրդվելի կմնա իր տեսակետի մեջ. փող չկա, և առաջիկայում էլ չի լինելու: Չի լինելու առնվազն մինչև 2017թ.:
Իսկ ՕԵԿ-ին էլ դա է պետք, պետք է, որ նրանք 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար ունենան հերթական հաղթաթուղթը՝ իրենք ուզում էին բարձրացնել թաղման նպաստները, իրենք ուզում էին, որ մեր հանգուցյալները հուղարկավորվեն հնարավորինս պատշաճ մակարդակով, բայց կառավարությունը դա չցանկացավ և չարեց: Իհարկե, արդեն հուղարկավորվածներին և նրանց հարազատներին ՕԵԿ կողմնակից չես դարձնի, բայց ապագա հանգուցյալների հարազատների շրջանում ընտրազանգված ձևավորելը միանգամայն հնարավոր գործ է:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































